Սիրիայի ԱԳՆ. «Ֆրանսիայի նախագահը ձգտում է լվանալ Սիրիայի ժողովրդի արյամբ ներկված ձեռքերը»

Վերջին օրերին արաբական մի շարք երկրներ, նրանց թվում Հորդանանը և Մարոկկոն, Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման և Արաբական պետությունների լիգայում Սիրիայի անդամակցության վերականգնման ցանկություն են հայտնել: Ֆրանսիան, սակայն, այդ կապակցությամբ հայտարարել է, թե Դամասկոսը մինչ օրս քաղաքական երկխոսության որևէ պատրաստակամություն չի դրսևորել: Պաշտոնական Փարիզի նպատակը, հավանաբար, ԱՊԼ-ում Սիրիայի անդամակցության վերականգնմանը խոչընդոտելն է:

Սիրիայի ԱԳ նախարարությունն օրերս հակադարձելով Ֆրանսիայի նախագահի հիշյալ հայտարարությանը, ընդգծել է. «Դամասկոսն ահաբեկիչների աջակիցների հետ կապեր հաստատելու որևէ ցանկություն չունի»:

Ըստ Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, Սիրիայի ԱԳ նախարարությունը մի հաղորդագրությամբ նշել է, որ Դամասկոսի դեմ Էմանուել Մակրոնի դիրքորոշումները վկայում են Սիրիայի ժողովրդի դեմ Փարիզի դավադիր քայլերի կրած պարտության մասին: Սիրիայի ԱԳՆ-ը հայտարարել է. «Ֆրանսիայի նախագահը ձգտում է լվանալ Սիրիայի ժողովրդի արյամբ ներկված ձեռքերը»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի  օրը Կահիրեում Եգիպտոսի նախագահ Աբդոլֆաթահ Ալ-Սիսիի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեկ էր, որ Սիրիայի կառավարությունը քաղաքական երկխոսության համար որևէ պատրաստակամություն չի դրսևորել և Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորումը ոչ պատասխանատու որոշում է: