Արցախի հարցում հապճեպ որոշումներ կայացնել հնարավոր չէ. Թևան Պողոսյան

Մեր օրերում տեղի ունեցող «հիբրիդային» պատերազմում պետք է կարողանալ հասարակության ներուժը հզորացնել, ինչպես նաև մեր սեփական մոտեցումները աշխարհին ներկայացնել ճիշտ ձևով: «Արցախպրես» լրատվական կայքի տեղեկացմամբ, այս մասին կայքի թղթակցի հետ զրույցում ասել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը՝ նշելով, որ քանի դեռ պատերազմը չի ավարտվել, հայ ժողովուրդը պետք է կարողանա անելիքները ճիշտ ընկալել և ծրագրավորել:

«Տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները պարբերաբար այցելում և պետք է այցելեն Արցախ՝ տեղում ծանոթանալու առկա խնդիրներին ու մարտահրավերներին՝ նպաստելով Արցախի զարգացմանն ու հզորացմանը,- ասել է Թ. Պողոսյանը:- ՀՀ քաղաքական դաշտի ներկայիս երիտասարդ գործիչներն իրենց ունեցած գիտելիքներով, ունակություններով որևէ ձևով չեն զիջում այլոց: Խնդիրն այն է, որ բոլորս ունենք բացեր, և պետք է դրանք հնարավորինս կարճ ժամանակում լուծենք: Ուրախ կլինեմ, որ այսօրվա քաղաքական դաշտի երիտասարդ ներկայացուցիչները ևս պարբերաբար այցելեն Արցախ և տեղում ծանոթանան իրավիճակին: Բայց Արցախի որևէ պատմամշակութային վայրում լուսանկարվելը, դեռևս չի նշանակում ճանաչել Արցախը: Հատկապես, հիմնախնդրին ծանոթ լինելու համար անհրաժեշտ է նախ ուսումնասիրել Արցախի պատմությունը, ունենալ հավաստի տեղեկություն, հանդիպել տեղի քաղաքական գործիչների հետ, լինել գյուղերում, զորամասերում, շփվել հասարակության հետ՝ ծանոթանալ նրանց հուզող հարցերին, խնդիրներին ու հաջողություններին: Այս ամենն անելուց հետո կարելի է վստահ խոսել Արցախյան հիմնախնդրի մասին և այս ուղղությամբ նախանշել հետագա անելիքները»:

Թևան Պողոսյանը  նշել է նաև, որ Արցախյան հիմնահարցը սերունդների խնդիր է:

«Այս խնդրի վերաբերյալ ցանկացած լուծում, որը միտված կլինի խաղաղ կյանք ունենալուն, պետք է քննարկվի ողջ հայության կողմից, հապճեպ որոշումներ կայացնել հնարավոր չէ,- շեշտել է Թ. Պողոսյանը:- Արցախյան հիմնախնդրի շուրջ մենք պետք է միշտ գործենք միասնական»: