Մոսկվան նախազգուշացնում է. ԻՊ ահաբեկիչները փոխադրվում են դեպի Տաջիկստանի սահմաններ

Հունվարի 28-ին Ռուսաստանի ներքին գործերի փոխնախարար Իգոր Զուբովը Թաթարստանի վերաբերյալ ՆԳՆ ամփոփիչ կոլեգիայի ժամանակ հանդես է եկել իրավապահ մարմինների համար ոչ այնքան սովորական հայտարարություններով, որոնք, այնուամենայնիվ, բնորոշ են բանակին և հակահետախուզության մարմիններին։

«ԻԼԻՊ-ի գրոհայիններն այսօր զանգվածային կարգով Պակիստանի տարածքից անհայտ ուղղաթիռներով փոխադրվում են դեպի Տաջիկստանի սահման,- ասել է Զուբովը։- Այնտեղ, ըստ երևույթին, ծրագրվում են զանգվածային սադրանքներ, դեպի Ռուսաստան փախստականների մեծ քանակ մղելու հեռանկարով (և բոլոր հետևանքներով․- Ս․Շ,)։- Մենք տեսնում ենք, որ մեզանում ներգաղթյալների հոսք է ընթանում որոշակի երկրներից։ Չնայած այն բանին, որ նրանք, դատելով ցուցանիշներից, սկսել են ավելի օրինավոր պահվածք ցուցաբերել, այդուհանդերձ, այն գաղափարախոսությունը, որ բերում են մեզ մոտ, նրանց այդ ձգտումները ի սկզբանե պահանջում են մեր սևեռուն ուշադրությունը»

Այսպես թե այնպես, Զուբովի խոսքերով, դա, ըստ երևույթին, արվում է մասշտաբային սադրանքի և իսլամիստներին դեպի Ռուսաստան վերաուղղելու համար։

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունն, իհարկե, պարտավոր է զբաղվել նրանցով, ովքեր փորձում են ներթափանցել ՌԴ, ընդ որում, ոչ միայն Միջին Ասիայից, այլև Անդրկովկասից, հաշվի առնելով տարբեր ահաբեկիչների նկատմամբ Վրաստանի և Ադրբեջանի իշխանությունների երկարամյա «առանձնահատուկ վերաբերմունքը» Չեչնիայում և Դաղստանում 90-ական թվականներին ընթացող ռազմական գործողությունների ժամանակ։ Բայց այժմ, ըստ երևույթին, սպառնալիքը բնավ միայն տեսական չէ։

Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը կես տարի շարունակ ինտենսիվ խորհրդակցություններ է անցկացնում Հյուսիսային Աֆղանստանի մի շարք շրջաններ վերահսկող «Թալիբան» ահաբեկչական շարժման հետ։ Դոհայում կայացած վերջին բանակցությունների ժամանակ կողմերը հայտարարել են «որոշակի հարցերում զգալի առաջընթացի» մասին, որոնց թվում, սակայն, ներառված չեն ո՛չ ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը Աֆղանստանից, ո՛չ էլ այդ երկրի ապագա կառավարության ձևավորումը։ «Թալիբներն» անհաշտ դիրքորոշում ունեն ԻՊ-ի (ԻԼԻՊ) իսլամիստների նկատմամբ և ջանում են թույլ չտալ նրանց մտնել իրենց տարածքներ։

Ինչպես հաղորդել է հունվարի 27-ին իրանական «Tasnim News» գործակալությունը, հունվարի 13-ին ԱՄՆ-ի զորքերը հատուկ գործողություն են անցկացրել Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Բադղիս նահանգում։ Արդյունքում՝ «թալիբների» բանտից ազատագրվել են ԻՊ-ի մոտ 40 պարագլուխներ։ Ամերիկյան զինվորականները սպանել են հսկիչներին և օգնել փախուստի դիմել իսլամիստների 40 պարագլուխների, որոնք հեռացել են ուղղաթիռներով։ Գործակալությունը նշել է, որ ազատագրված իսլամիստներն օտարերկրացիներ էին, իսկ տեղեկատվությունը հաստատել է նահանգի շրջանային խորհրդի ղեկավարի տեղակալ Աբդուլլա Աֆզալին։ Ըստ աղբյուրների տվյալների, փախուստին օգնել է ԻՊ-ի պարագլուխներից մեկը՝ ուզբեկական ծագմամբ ոմն Ամինուլլան, որը «սերտ շփում է հաստատել ամերիկյան զինված ուժերի հետ»։ Նշվում է, որ նա փախել է բանտից ավելի վաղ, որից հետո դրա գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը հաղորդել է ամերիկյան զինծառայողներին, ինչպես նաև օգնել ծրագրելու հատուկ գործողությունը։

Հիշենք, որ վերոնշյալ միջադեպի առնչությամբ Ռուսաստանի ԱԳՆ-ը հունվարի 16-ին տարածել է պաշտոնական հայտարարություն, որում մեղադրել է Վաշինգտոնին Աֆղանստանի նկատմամբ ՌԴ քաղաքականության վարկաբեկմանը նպատակաուղղված տեղեկատվական նետում նախապատրաստելու մեջ, ինչպես նաև ուշադրություն հրավիրել, որ «գնալով ավելի շատ փաստեր են վկայում ԻՊ-ի գրոհայինների հետ ամերիկացիների եթե ոչ անմիջական, ապա անուղղակի կապերի մասին»։

«Այսպես․ վերջերս տեղեկատվություն հայտնվեց, որ ԱՄՆ-ի հատուկ նշանակության ջոկատը գրավել է թալիբական բանտերից մեկը Աֆղանստանի Բադղիս նահանգում, որտեղ պահվում էին 2018 թվականի օգոստոսին Աֆղանստանի հյուսիսում գերեվարված ԻՊ-ի անդամներ, իսկ այժմ նրանք տարվել են անհայտ ուղղությամբ,- նշված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։- Իլիպականների նկատմամբ այդպիսի հետաքրքրությունը հանգեցնում է այն մտքին, թե արդյոք ԱՄՆ-ը, կազմակերպելով այդպիսի գործողություն, չէ՞ր փորձում խոչընդոտել այն տեղեկատվության արտահոսքին, որ ԻԼԻՊ-ի նշյալ գրոհայինները կարող էին հաղորդել իրենց իրական հովանավորների մասին»։

ՌԴ ԱԳՆ-ի հունվարի 16-ի հայտարարության, ՌԴ ներքին գործերի փոխնախարար Զուբովի հայտարարության, ինչպես նաև «Tasnim News»-ի հաղորդագրության առնչությամբ նշենք, որ դեռևս 2018թ. մարտի 5-ին Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակի խորհրդական, ԻԻՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիյանը վկայակոչելով Իրանի ԻՀՊԿ «Կոդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Կասեմ Սոլեյմանիին, պաշտոնապես հայտարարել է. «երբ վերջին ամիսներին (այսինքն՝ 2018թ. հունվար-փետրվարին) ձերբակալվեցին ԻՊ-ի բազմաթիվ հրամանատարներ, ամերիկացիները դիմում էին անվտանգության ապահովման տարբեր մեթոդների և ռազմական միջոցների, ընդ որում, նաև ՄԱԿ-ում, որպեսզի ԻՊ-ի առաջնորդների մեծամասնությունը էվակուացվի այն պատրվակով, թե այդ մարդիկ գտնվում են պաշարման մեջ և կրակը դադարեցնելու անհրաժեշտություն կա։ Ավելի ուշ մենք պարզեցինք, որ ամերիկացիները դուրս են բերել նրանց, ոմանց այնուհետ էվակուացնելով Հյուսիսային Աֆղանստան, իսկ ոմաց՝ Լիբիա և Եմենի հարավային մասում գտնվող որոշ վայրեր։ Ամիր-Աբդոլլահիյանի հայտարարությունից առաջ, 2018-ի հունվարի վերջին Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Հոսսեյնի Խամենեին անձամբ նախազգուշացում հրապարակեց այն մասին, որ ԱՄՆ-ը զբաղվում է ԻՊ ահաբեկիչներին Աֆղանստանում վերատեղակայելով։

«Իրաքից և Սիրիայից փոխադրելով ԻՊ-ն Աֆղանստան, ԱՄՆ-ը ձգտում է արդարացնել իր ներկայության շարունակումը տարածաշրջանում և անվտանգություն ստեղծել սիոնիստական ռեժիմի համար»,- այն ժամանակ ասաց այաթոլլա Խամենեին։

Հենց 2018 թվականից Ռուսաստանի և Իրանի հատուկ ծառայություններն ու Անվտանգության խորհուրդները բուն Աֆղանստանում և այդ երկրի շուրջ անվտանգության ապահովման խնդրի վերաբերյալ քննարկումներում և խորհրդակցություններում սկսեցին ներգրավել այնպիսի պետությունների, ինչպիսիք են Չինաստանը, Պակիստանը, Հնդկաստանը, Միջին Ասիայի հանրապետությունները։

Համադրելով նշված բոլոր տեղեկությունները, կարող ենք ենթադրել, որ Ռուսաստանի արդեն ոչ միայն հատուկ ծառայություններն ու զինված ուժերը, այլև ՆԳՆ-ը ոչ հրապարակայնորեն անցնում են հակաահաբեկչական աշխատանքի մի ինչ-որ ուժեղացված ռեժիմի։ Ուղղությունը, ընդհանուր ասած, հարավն է՝ ընդհուպ մինչև Աֆղանստան և, բնականաբար, Թուրքիա, քանի որ մինչև վերջ պարզ չէ, թե էլ ուր կարող էր էվակուացնել ԱՄՆ-ը ԻՊ ահաբեկչական խմբավորման պարագլուխներին։ Կրկնեմ ևս մեկ անգամ. 90-ական թվականներին Ռուսաստանի տարածք, Հյուսիսային Կովկաս տեղափոխվելու գլխավոր «միջանցքն» ահաբեկիչների համար հենց Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանն էին։ Իսկ այնպիսի տարածաշրջաններ, ինչպիսիք են Պանկիսի կիրճը (Վրաստան) և Հյուսիսային Ադրբեջանի որոշ շրջաններ, այսօր էլ վտանգավոր են համարվում ահաբեկչական սպառնալիքի տեսանկյունից։ Հենց այդ տարածաշրջաններից են Սիրիա և Իրաք մեկնել բազմաթիվ իսլամիստներ, որոնք պատերազմել են ԻՊ-ի կողմից՝ ընդդեմ Սիրիայի և Իրաքի օրինական իշխանությունների։

Հիշեցնեմ նաև այն մասին, որ 2016թ․ ապրիլին Արցախում մարտական գործողությունների գոտուց մենք տեղեկություններ էինք ստանում այն մասին, որ Ադրբեջանն իր կողմից գործի է դրել Մերձավոր Արևելքում «փորձարկում» անցած ահաբեկիչների։ Դատելով ամենից, Տաջիկստան ներխուժելու ահաբեկիչների փորձերի ճնշմանը ԱՊՀ ՀԱՊԿ Կոլեկտիվ հակաահաբեկչական ուժերի (օպերատիվ արձագանքման ուժերի) մասնակցության սցենարը, որը խաղարկվեց այդ հանրապետությունում տեղի ունեցած զորավարժություններում 2017թ. նոյեմբերին, կարող է դառնալ իրականություն։

 

Սերգեյ Շաքարյանց