Սնկային հիվանդությունների պատճառով հնարավոր է բերքի զգալի կորուստ
Արցախում հացահատիկային կուլտուրաների աշնանացանի ցանքսերում նկատվել են սնկային հիվանդություններ:
«Արցախպրես» լրատվական կայքի տեղեկացմամբ, կայքի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Արամ Բադալյանը՝ նշելով, որ հացահատիկային կուլտուրաներից առավել նկատելի են գարու դաշտերում տերևային դեղին ժանգ և տերևների գորշ բծավորություն, որոնց տարածումը կանխելու համար անհրաժեշտ է իրականացնել պայքարի համապատասխան միջոցառումներ:
Ոլորտի պատասխանատուի խոսքով՝ հիվանդությունների օջախներն առավել տարածված են այն դաշտերում, որտեղ օգտագործված սերմացուն ախտահանված չէ:
«Ուժեղ վարակի դեպքում տերևները դեղնում են, նվազում է ախտահարված բույսերի ընդհանուր, արդյունավետ թփակալումը, բույսերն ունենում են թույլ զարգացած արմատային համակարգ,- ավելացրել է Ա. Բադալյանը:- Հիվանդության զարգացմանը նպաստում են նաև օդի դրական ջերմաստիճանը և հարաբերական խոնավությունը:
Եթե անհրաժեշտ պայքարի միջոցառումներ չիրականացվեն, ապա հնարավոր է՝ արձանագրվի 15-30 % բերքի կորուստ»:
Նա հողօգտագործողներին հորդորել է գորշ բծավորության, ժանգային և այլ սնկային հիվանդությունների դեմ իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ, այդ թվում՝ վարակված դաշտերում վեգետացիայի ընթացքում բույսերը սրսկել համապատասխան ֆունգիցիդներով: