Ցուցադրական պարապմունքներ՝ Արցախի ՊԲ զորամասերից մեկում

ՊԲ-ի հարավ-արևելյան ուղղությամբ գործող զորամասերից մեկի ուսումնանյութական բազայի հիմքի վրա, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ, հունվարի 30-ին անցկացվել են ցուցադրական պարապմունքներ։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ,  պարապմունքների ընթացքում միավորումների և զորամասերի հրամանատարական կազմին ևս մեկ անգամ ցուցադրվել են այն բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ է իրականացնել զորամասերը «բարձր» աստիճանի մարտական պատրաստականության վիճակի բերելու դեպքերում:

Զորամասի հերթապահի գործողություններից սկսած, մինչև ստորաբաժանման անձնակազմի տագնապով վերկաց, զենքի և զինամթերքի ստացում, ապաստարանների և նստեցման շրջանների զբաղեցում, ինչպես նաև անձնակազմի և տեխնիկայի ընդունման կետերի ծավալում, շենք-շինությունների, զինվորական ունեցվածքի հանձնում-ընդունում,  գործողություններ` ռազմական տեխնիկայի և սպառազինության հետ, միավորումների և զորամասերի վարչակազմերի անելիքների հստակեցում:

Ցուցադրական պարապմունքների ժամանակ վերադասի կողմից առավել մեծ ուշադրություն է դարձվել այն բոլոր հարցերին, որոնք ունեն գործնական ու կիրառական նշանակություն: Ըստ այդմ, հաշվի են առնվել ինչպես 2016 թվականի ապրիլյան դիմակայության ժամանակ արձանագրված զարգացումները, այնպես էլ այն բոլոր բեմագրերը, որոնք բխում են հակառակորդի հավանական գործողությունների բնույթից:

Վերջում բանակի հրամանատարը ամփոփել է արդյունքները և հանձնարարել ներկաներին անցկացված պարապմունքներից արված հետևություններն ընդունել ի գիտություն և դրանցով առաջնորդվել առաջիկա ուսումնաշրջանում: