Տիգրան Խաչատրյանը ԱԶԲ-ի հետ քննարկել է ՊՄԳ օրենսդրական փաթեթը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ֆինանսական բաժնի գլխավոր տնտեսագետ Ժոաո Ֆարինհա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությանը՝ քննարկելու պետություն-մասնավոր գործընկերություն (ՊՄԳ) օրենսդրական փաթեթի մշակմանն առնչվող հարցեր։

Նախարար Խաչատրյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է օրենքի մշակման մանրամասներին, ինչպես նաև առնչվող այլ իրավական փաստաթղթերի, քննարկել մի շարք կազմակերպչական հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել ՊՄԳ համակարգման գործընթացի վերաբերյալ։

Ժոաո Ֆարինհա Ֆերնանդեսը բարձր է գնահատել համագործակցությունը և նշել, որ մեծ հաճույքով և արդյունավետությամբ են աշխատել նախարարության՝ ՊՄԳ օրենսդրական փաթեթի մշակման համար պատասխանատու թիմի հետ, որը ղեկավարում է նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։

Ներկայացվել է օրենսդրական փաթեթի մշակման և ընդունման ճանապարհային քարտեզը։

Կողմերը հաստատել են, որ գործընթացն անհրաժեշտ է ավարտել հնարավորինս սեղմ ժամկետներում՝ առաջիկա ամիսների ընթացքում։

ԱԶԲ թիմը նախարարի հետ քննարկել է նաև մասնագետների պատրաստման և կարողությունների ձևավորմանն առնչվող խնդիրները՝ առաջարկելով լուծման մի քանի տարբերակներ։ Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը նախարարության և առաքելության միջև։