Ատելության հիմքով հանցագործություն․ ԱՄՆ-ում հայկական վարժարանների վրա փակցվել են թուրքական դրոշներ (լուսանկարներ)

Անցած գիշեր ԱՄՆ-ում գործող հայկական երկու կրթօջախների՝ Ս. Նահատակաց Ֆերահեան երկրորդական և ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանների վրա փակցվել են թուրքական մեկ տասնյակը գերազանցող դրոշներ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ սփյուռքի նախարարությունը։

Սա հայ համայնքի հանդեպ դրսևորված աննախադեպ ատելություն է: Այն արդեն իսկ տեղի ոստիկանության կողմից բնութագրվել է որպես «Ատելության հիմքով հանցագործություն»:

ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր- Գրիգորյանը հայ համայնքի հետ անմիջական կապի մեջ է, խոսել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ, այդ թվում՝ տնօրենների, համայնքային կառույցների ղեկավարների ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսի հետ, որոնք էլ տեղեկացրել են՝ ոստիկանությունը քայլեր է ձեռնարկում աշակերտների անվտանգությունն ապահովելու համար:

Նախարարությունը կանգնած է հայ համայնքի կողքին, միանում է կոչին և հույս հայտնում, որ տեղի իրավապահ մարմինները հետամուտ կլինեն միջադեպի ամբողջական բացահայտմանը, կբացառեն նման դեպքերի կրկնությունը:

Խստորեն դատապարտում ենք ատելության, անհանդուրժողականության և անօրինության հողի վրա իրականացվող նման արարքները:

Հայ դպրոցը հայապահպանության հիմնասյուներից է, ուստի հայկական կրթօջախների նկատմամբ նման ոտնձգությունները համարում ենք անընդունելի ու դատապարտելի։ Վստահ ենք, որ դպրոցը պետք է լինի ամենաանվտանգ վայրն ամբողջ աշխարհում: