Փաշինյանն ինչի՞ մասին է 1,5 ժամ խոսել Ալիևի հետ, որը հայտարարել է, թե իր երկիրն ավանդ է ներդրել Հայաստանում իշխանափոխության գործում

Հարցեր, որոնք պատասխաններ են պահանջում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած վերջին այցելությունն առաջին հայացքից կարող է այն տպավորությունը գործել, թե այն մի փոքրիկ կանգառ էր Դավոսից Երևան ընկած ճանապարհին։ Ռուսաստան ժամանելու նրա պաշտոնական նպատակը ելույթն էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) շտաբում։

Շտաբում ելույթ ունենալուց հետո, վարչապետը գնացել է հանդիպելու Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, բայց Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում չի եղել։ Այդ առիթով Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դ. Պեսկովը պարզաբանել է, որ այս անգամ դրա կարիքը չկար։ «Դուք գիտեք, նրանք հաճախ են շփվում հեռախոսով և շատ հաճախ հանդիպում»- հավելել է նա։

Ռուս վերլուծաբան Կիրիլ Կրիվոշեևը, սակայն, նշում է մեկ այլ նշանակալի հանդիպման մասին, որը տեղի է ունեցել Դավոսում Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, մեկուկես ժամ տևողությամբ։ Բայց այդ զրույցի մասին Փաշինյանը Մոսկվայում համարյա ոչինչ չի խոսել։ Հարցնում ենք՝ ինչի՞ մասին կարելի է մեկուկես ժամ խոսել մեկի հետ, որն իր կառավարության ընդլայնված նիստում հայտարարել է, թե իր երկիրն ավանդ է ներդրել Հայաստանում իշխանափոխության գործում, և որը խոստանում է շարունակել Հայաստանի քաղաքական մեկուսացումն այնքան ժամանակ, քանի դեռ չեն ազատագրվել «ադրբեջանական բոլոր զավթված հողերը» (10 հուլիսի, 2018, «Կոմերսանտ»)։

Այլ հանդիպումների մասին (ավելի ճիշտ՝ դրանց բովանդակության ) մենք տեղեկացանք ռուսաստանյան «60 րոպե» քաղաքական հաղորդաշարի հերթական թողարկումից , որի ժամանակ Ուկրաինայի ներկայացուցիչ Գորդեյ Բելովը հայտարարեց, թե Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում խոսել է «պատվիրակների հետ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, և հարցը կայանում է նրանում, որ Ռուսաստանին այնտեղ (ԵԽԽՎ.- Ծ․Հ․) սպասում են, բայց ոչ այսպիսի ՝ գազանային բաց երախով …»։ Հարցնում ենք՝ մեր պատվիրակության այդ ո՞ր ներկայացուցիչներն են ադրբեջանցի պատվիրակների հետ, ձայները մեկ արած, միացել կամ ականջալուր եղել ռուսների վերաբերյալ ուկրաինացիների գանգատներին, որոնց վարձկանները Արցախյան պատերազմի ժամանակ զենքով գալիս էին հայերին սպանելու ադրբեջանական բանակի կազմում։

 

Աննա Սաֆարյան