Լրագրողները Բոլթոնի նոթատետրում գրառում են տեսել «5000 զինվոր Կոլումբիա ուղարկելու» մասին

Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը վենեսուելական PDVSA-ի դեմ պատժամիջոցների մասին հայտարարությունն արել է նոթատետրը ձեռքին, որում լրագրողները նշմարել են «5000 զինվոր ուղարկել Կոլումբիա» բառերը։ Գրառման առաջին արտահայտությունը հետևյալն էր. «Աֆղանստան. Բարի գալուստ բանակցությունների»։ Այս մասին հաղորդել է CBSNews-ը։

Կոլումբիայի արտաքին գործերի նախարար Կառլոս Հոլմսը հայտարարել է, որ տեղյակ չէ, թե ինչու է Բոլթոնի նոթատետրում այդպիսի գրառում հայտնվել, հաղորդել է The Associated Press-ը։ Կոլումբիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ իր երկիրը շարունակում է կիրառել «քաղաքական և դիվանագիտական միջոցներ, որպեսզի Վենեսուելայում վերականգնվի ժողովրդավարական կարգն ու անցկացվեն նոր ընտրություններ»։

Կոլումբիան 1370 մղոն (ավելի քան 2200 կմ) ընդհանուր սահման ունի Վենեսուելայի հետ։ Բոգոտան Խուան Գուայդոյին Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար է ճանաչել նրա հայտարարարության հենց նույն օրը։

Ի պատասխան Բոլթոնի գրառումները մեկնաբանելու խնդրանքի, Սպիտակ տանը հայտարարել են. «Ինչպես ասել է նախագահը, բոլոր տարբերակները սեղանին են»։

Ավելի վաղ Բոլթոնը նախազգուշացրել է, որ Գուայդոյի կամ Ազգային ժողովի (խորհրդարանի) դեմ ուժի կիրառումը «նշանակալի պատասխան» կհարուցի ԱՄՆ-ի կողմից։