Արցախի բոլոր քաղաքացիները հնարավորություն կունենան նախապես զանգահարել պոլիկլինիկա և հերթագրվել

Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոնի» պոլիկլինիկական բաժանմունքում ներդրվել է էլեկտրոնային առողջապահության համակարգ: Այս մասին տեղեկացրել է «Արցախպրես» լրատվական կայքը։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հանրապետական բժշկական կենտրոնի» բժիշկ-համակարգող, էլեկտրոնային առողջապահության համակարգի պատասխանատու Արևհատ Ալեքսանյանն ասել է, որ ծրագրի ներդրման նպատակը բուժհաստատության թղթաշրջանառությանը վերջ տալն է, ինչպես նաև քաղաքացիներին հերթերից ազատելը:

Նա նշել է, որ բնակչությունը պետք է իրազեկված լինի, որ պոլիկլինիկա պետք է դիմեն ոչ թե առավոտյան ժամերին, այլ նախապես պայմանավորվելուց և հերթագրվելուց հետո:

«էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման համար հիվանդանոցի պոլիկլինիկական բաժանմունքի ընդունարանը և բժիշկների կաբինետները ամբողջությամբ ապահովվել են համակարգիչներով և ծրագրով,- մանրամասնել է Ա․ Ալեքսանյանը:- Ընդունարանում տեղադրված է տերմինալ, որը հսկվում է 8 համակարգիչների կողմից: Տերմինալի մոտ ամբողջ օրն աշխատում է հերթապահ բուժքույրը, ով քաղաքացիներին ցանկացած հարցով օգնում է։ Ծրագիրն օնլայն է. բժիշկներն իրենց կաբինետներից կարողանում են պատկերացում կազմել, թե ինչ է կատարվում ընդունարանում: Միաժամանակ ընդունարանում սպասող հիվանդը ևս կարողանում է իմանալ, թե այդ պահին բժիշկն ինչով է զբաղված: Էլեկտրոնային առողջապահության ծրագիրը պատրաստված է ՀՀ մասնագետների կողմից. այն գործում է ՀՀ բոլոր բուժհիմնարկներում: Պոլիկլինիկական բաժանմունքում տեղամասային բժիշկներն աշխատում են 2 հերթով՝ 9:00-13:00-ը և 13:00-17:00-ը: Լաբորատոր բաժանմունքը գործում է 09:00-12:30: Հղիներին և շրջաններից եկած ոչ մի քաղաքացու հետ չենք ուղարկում»:

Ոլորտի պատասխանատուի խոսքով, համակարգի ներդնումն իրականացվում է փուլ առ փուլ: Ծրագրի ամբողջական ավարտից հետո Արցախի բոլոր քաղաքացիները հնարավորություն կունենան նախապես զանգահարել պոլիկլինիկա և հերթագրվել այն բժիշկների մոտ, որոնց խորհրդատվության կարիքն ունեն: