«Թավշյա հեղափոխությունը» մի՞թե հեղափոխություն էր նաև շատուշատ մարդկանց բարոյականության, թե նրանք մինչ այդ էլ անբարոյական էին

«Թավշյա հեղափոխությունը» մի՞թե հեղափոխություն էր նաև շատուշատ մարդկանց բարոյականության, թե նրանք մինչ այդ էլ անբարոյական էին, պարզապես վերջին մոտ մեկ տարում է, որ ստի, կեղծիքի, հերյուրանքի, վիրավորանքի դրսևորման համար առավել նպաստավոր պայմաններ հայտնաբերելով, հատկապես սոցիալական ցանցերում իրենց սանձարձակ գրառումներով ու վարքով փորձեցին գերազանցել մեկմեկու և ռեկորդներ սահմանել։

Պատկերացնո՞ւմ եք՝ ջահել աղջիկներ, բայց այն աստիճան անդաստիարակ, որ բնավ հաշվի չեն առնում, թե ով է դիմացինը, ինչ արժանիքներ ունի, ինչ վաստակ ու հեղինակություն հասարակության մեջ, անտեսում են նույնիսկ, որ ում մասին գրում են, տղամարդ է, այն էլ՝ իրենց հոր տարիքի։ Եվ ամենակարևորը՝ անկախ դիմացինի ով լինելուց, անտեսում են, որ իրենց գրառումները բացարձակ սուտ են, կեղծիք։ Այդպիսինների համար մարդուն սևացնելու նպատակն արդարացնում է միջոցները։

Մտածում ես՝ այս լրբերը ծնողներ չունե՞ն, դպրոց չե՞ն գնացել, դաստիարակություն չե՞ն ստացել․․․ Թե՞ մեր հասարակության մեջ շատ ծնողներ ու դպրոցներ վաղուց դավաճանել են իրենց դաստիարակչական առաքելությանը, իսկ մենք գտնվելով բարոյական ու հասարակական աղետի մեջ, դեռ չենք գիտակցում դա։ Ահա բացարձակ ստի, կեղծիքի հերթական օրինակը, որի հեղինակն, առանց չնչին իսկ ամոթի, համացանցում թիրախավորել է մի հարգարժան մարդու՝ «ԼԵՎ ԳՐՈւՊ» փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն, փաստաբան Լևոն Բաղդասարյանին։ Վերջինս ֆեյսբուքյան էջում այդ կապակցությամբ կատարել է հետևյալ գրառումը․

«Համացանցով լուրեր գնացին, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ես ու տղաս տաքուկ տեղերում ենք եղել, չենք ծառայել: Ասեմ՝ ոչ միայն ծառայել եմ աշխարհի ամենաէլիտար ստորաբաժանումններից մեկում, այլ նաև նորանկախ Հայաստանում նոր ստեղծվող հատուկ նշանակության ստորաբաժանման հրահանգիչներից ու գործող մարտիկներից եմ եղել, որը ենթարկվում էր այն տարիներին մեկ անձի: Ոչ հեռավոր իննսունականներին, միջին և ավագ սերունդը կհիշի, այդ ջոկատը, որը ստեղծվեց զրոյից, պետական մակարդակով հիմնականում թիրախավորում էր իր արբալետներով և այլ զինատեսակներով թշնամուն դուխ և օրինակ ցույց տվող գորշ գայլերին, աֆղան և չեչեն բաշիբոզուկներին, ռուս, ուկրաինացի վարձկաններին: Ջոկատը պատվով լուծեց իր վրա դրված անհնարին թվացող խնդիրը, իսկ տղաներից շատերը, որոնցից յուրաքանչյուրը մի դիվիզիա արժեր, մեր կառավարության ֆիդայական մտածողությունից զզված, չգնահատված, Արցախյան ազատամարտից հետո համալրեցին այլ պետությունների հատուկ նշանակության ուժերը:
Տղաս ՝ Տարոնս, Նորանկախ Հայաստանի ծնունդ է: Իր քսանամյակը դիմավորեց՝ մասնակցելով նաև Հայաստանի անկախության քսանամյա Զորահանդեսին: Ապրիլյան պատերազմը սկսելուց ժամեր անց, ընդ որում, ստանալով իմ Հայրական օրհնանքը, իսկ բոլոր հայրերը լավ կհասկանան, թե ինչ ծանր է հոր համար մինուճար տղային կամավոր ուղարկել մսաղացի մեջ, ժամեր անց արդեն հատուկ տրանսպորտով գտնվել է առաջնագծում, որքան հիշում եմ, ամիսուկես:
Շնորհավոր Հայաստանի սահմաններն անառիկ պահող Հայոց Բանակի, նրա զինվորի օրը»:

Ի հավաստումն իր կատարած գրառման, Լևոն Բաղդասարյանը ներկայացրել է մի շարք լուսանկարներ։

Արթուր Հովհաննիսյան