Ինչո՞ւ են գիշերամիզությամբ տապառողները զորակոչվում բանակ

Գիշերամիզությամբ տառապող ժամկետային զինծառայողների հիմնախնդիրների մասին մեր հրապարակումից (http://livenews.am/press/2019/3264/21/21/40/ ) հետո ամռանը զորակոչված մի քանի զինծառայողներ զանգահարեցին մեզ ու խնդրեցին օգնել՝ իրենց հորդորն իրավասու կառույցներին, հատկապես կառավարության ղեկավարին հասցնելու, քանի որ հենց կառավարության որոշման համաձայն են նրանք այսօր պարտադրված զինվորական ծառայություն կատարում՝ չնայած առողջական խնդիրներին։

Նշենք, որ ՀՀ կառավարության 2018թ․ ապրիլի 12-ի թիվ 404 որոշմամբ մի շարք հիվանդություններով ու խնդիրներով, այդ թվում գիշերամիզությամբ տառապող զորակոչային տարիքի երիտասարդներ համարվեցին պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվեցին բանակ։ Մինչդեռ նախկինում գործող 08․04․2013թ․ թիվ 410 որոշման համաձայն, նշված անձինք համարվել են զինվորական ծառայության համար ոչ պիտանի։

Ինչպես մեզ հետ հեռախոսազրույցում նշեց զինծառայողներից մեկը, որը չցանկացավ, որ իր անունը նշենք հրապարակման մեջ, իրենց գնդում ի սկզբանե գիշերամիզությամբ տառապող 20 զինծառայող է եղել։ Գնդում իրենցից բացի, այլ ժամկետային զինծառայող չկա, միայն պայմանագրային զինվորներ են։ Այժմ ժամկետային զինծառայողների թիվը մեկով պակասել է, քանի որ նրանցից մեկին ամիսներ առաջ զորացրել են՝ զինծառայողի ի հայտ եկած հոգեբանական խնդիրների պատճառով։

«Նրա մոտ հոգեբանական լուրջ խնդիրներ էին առաջացել այն ապրումների պատճառով, որ բոլորս ունենում ենք այստեղ,- ասաց մեր զրուցակիցը։- Ամեն օր ստիպված ենք լինում հոգեբանական, սթրեսային խնդիրներ հաղթահարել։ Այն, որ զորամասում և զորամասից դուրս բոլորը տեղյակ են մեր առողջական խնդրից, մեզ մոտ լուրջ բարդույթներ է առաջացնում, սթրեսային հոգեվիճակների մեջ ենք հայտնվում, ընկճվում։ Այդպես նաև կարող ենք հոգեկան հիվանդ դառնալ»։

Անգամ այն բնակավայրում, որտեղ տեղակայված է զորամասը, բնակիչները տեղյակ են իրենց խնդիրների մասին, ուստի իրենք ազատ արձակում ստանալու դեպքում զորամասից դուրս գալ չեն ուզում, թեկուզ, անհրաժեշտ որևէ բան գնելու։

Զինվորի տեղեկացմամբ, նրանք վերջերս առողջական վիճակի փորձաքննություն են անցել կենտրոնական բժշկական հաձնաժողովում, որից հետո նրանց նորից ուղարկել են զորամաս՝ ծառայությունը շարունակելու, թեև, զինծառայողի հավաստմամբ, փորձաքննության ընթացքում իրենց մոտ առողջական վիճակի վատթարացում են գրանցել։ Հարցին, թե այդ դեպքում ինչի՞ համար է փորձաքննությունը, նա ասաց, որ միայն իրենց մոտ խնդրի առկայությունը հաստատելու, եթե այն կա, ուրեմն հիվանդները ծառայությունը կշարունակեն հատուկ գնդում՝ սահմանափակումներով, եթե հիվանդությունը չկա, ուրեմն կծառայեն բոլորի պես։

«Հետազոտության թերթիկում գրանցել են, որ ծառայության ընթացքում առողջական վիճակի վատթարացում է եղել,- մեզ հետ զրույցում պատմեց ժամկետային զինծառայողը։- Բայց դա ոչինչ չի փոխում, մենք հիմա էլ շարունակում ենք ծառայությունը, ինչն ավելի է նպաստում հիվանդության խորացմանը։ Թեև մեզ համար սահմանափակումներ են նախատեսված ծառայության ընթացքում, ծանրաբեռնվածությունը մեծ չէ, ինչպես սովորական զինծառայողների համար, բայց, միևնույն է, անգամ այդ պայմաններում ապահովագրված չենք վտանգներից։ Այստեղ, որտեղ ծառայում ենք, կլիման խոնավ է, իսկ մեզ մրսել, ոտքերը սառեցնել չի կարելի։ Անգամ թեթև ծանրաբեռնվածությունից, օրինակ, որոշակի ժամանակ կանգնելուց մեջքը գերհոգնում է, ինչից առողջական խնդիրները սրվում են, և եթե նախկինում ոմանց մոտ գիշերամիզությունը 7-10 օրը մեկ էր լինում, ապա հիմա ավելի է հաճախակիացել՝ շաբաթը չորս-հինգ անգամ, այսինքն՝ գրեթե ամեն օր»։

Բացի վերոնշյալից, զինծառայողները տիպված են գիշերը հաճախակի արթնանալ՝ զուգարանից օգտվելու համար, իսկ դա էլ գերհոգնածության պատճառ է դառնում, որից հետո էլ պարտադրված են որոշակի ծանրաբեռնվածությամբ օրվա ընթացքում աշխատանքներ իրականացնել, մարզվել։

Եթե, այնուամենայնիվ, գիշերը միզում են, առավոտյան լողանում են և այդպես դուրս են գալիս տողանի 20-25 րոպե, որի ընթացքում նույնպես մրսում են, ինչն իրենց համար հակացուցված է։

Զինծառայողներից մեկ ուրիշն էլ ասաց, որ իրենց խնդրով դիմել են պաշտպանության նախարարություն՝ թե առանձին նամակներով, թե ընդհանուր դիմումով, նաև իրենց ծնողներն են նամակներ գրել, սակայն նրանց պատասխանել են, որ ոչինչ չեն կարող փոխել, կառավարության որոշումն իրենք չէ, որ պետք է վերանայեն։ Զինծառայողներն անգամ վարչապետի ֆեյսբուքյան էջին են գրել, և նրա օգնական Արփի Դավոյանը պատասխանել է, որ խնդիրը վարչապետի ուշադրության կենտրոնում է և դրական լուծում կստանա, բայց արդեն տևական ժամանակ է անցել, հարցն այդպես էլ չի լուծվել։ Ավելին․ ձմեռային զորակոչի ժամանակ բանակում գիշերամիզությամբ տառապող զինվորականների թիվն ավելացել է։

LIVEnews.am-ը փորձեց պաշտպանության նախարարությունից պարզաբանում ստանալ, թե ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրներով երիտասարդներն ինչո՞ւ են հայտնվում բանակում, այն էլ՝ օրենքի թելադրանքով։ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ նախարարությունում տեղյակ են խնդրից, տարբեր ատյաններից գիշերամիզությամբ տառապող զինվորականների ու նրանց ծնողների նամակներն իրենց են վերահասցեագրվում, Բայց առայժմ որևէ իրատեսական լուծում չի առաջարկվել այդ խնդրի համար։

Ըստ Արծրուն Հովհաննիսյանի, այս օրերին այդ զինծառայողներն առողջական վիճակի փորձաքննություն են անցնում և չի բացառվում, որ հանձնաժողովը ոմանց մոտ խնդրի սրացում արձանագրելու դեպքում, նրանց զորացրելու որոշում կայացնի։ Նրա խոսքով, այս պահին դեռ ոչինչ հստակ չէ, քանի դեռ փորձաքննությունն ընթացքում է։

ՊՆ մամուլի քարտուղարի տեղեկացմամբ, ամառային և ձմեռային զորակոչի ընթացքում գիշերամիզությամբ տառապող մոտ 160 զինծառայող է զորակոչվել, մինչև զորակոչի ավարտը հնարավոր է նրանց թիվը հասնի մինչև 200-ի։

Մենք զրուցեցինք նաև բանակի սպայական կազմի ներկայացուցիչներից մեկի հետ։ Վերջինս խոստովանեց, որ հրամանատարի համար նման զինծառայողների ներկայությունը մեծ պատասխանատվություն է և լուրջ գլխացավանք, քանի որ այդ տղաները խնդրահարույց են, երբեմն քմահաճ՝ իրենց խնդիրներով պայմանավորված, զգայուն ու խոցելի, ուստի ճիշտ կլիներ, որ նման հիվանդություններով տառապողները բանակում չհայտնվեին։ Գիշերամիզությունից բացի, նրա հավաստմամբ, բանակում կան նաև առողջական այլ խնդիրներով զինծառայողներ, որոնց ներկայությունը նույնպես խնդրահարույց է թե իրենց, թե իրենց վերադասի համար։

«Տարեց տարի կառավարությունն ավելացնում է այն հիվանդությունների ցանկը, որոնք, թեկուզ սահմանափակումներով ծառայությունն իրականացնելու պայմանով, ծառայության հետ համատեղելի են համարվում,- ասաց նա։ – Այդ միտումը մտահոգիչ է, որովհետև տղաների հիվանդությունները բանակում երբեմն ավելի են սրվում և նրանք տուն են վերադառնում շատ ավելի լուրջ խնդիրներով, քան զորակոչվելու ժամանակ։ Կառավարությունն այս խնդրին պետք է լուծում տա, օրինակ, պայմանագրային զինվորների թիվը բանակում ավելացնելու միջոցով, ինչը հնարավոր է ավելի բարձր աշխատավարձեր սահմանելով»։

Գիշերամիզության առնչությամբ պարզաբանումներ խնդրեցինք նաև բժիշկ-ուրոլոգ Րաֆֆի Ջանեցյանից՝ հասկանալու համար, թե ի՞նչ խնդիրների հետևանք է այն, քանի որ կառավարության որոշման մեջ գրված է, որ գիշերամիզությամբ տառապողները պիտանի են ծառայության համար, եթե այն ընթանում է առանց նյարդային կամ միզասեռական համակարգի հիվանդությունների ախտանշանների։

Բժշկի ներկայացմամբ, գիշերամիզությունն ինքնուրույն հիվանդություն է, որը հաստատելը կամ ժխտելը բավականին բարդ է, դժվար է հասկանալ նաև դրա պատճառները։ Սակայն, այն դրսևորվում է նաև որպես առանձին հիվանդությունների հետևանք, ախտանշան։ Եվ եթե միզասեռական հիվանդությունների առկայությունը հնարավոր է հայտնաբերել համապատասխան ախտորոշումների միջոցով և հիվանդությունը բուժելով, վերացնել նաև գիշերամիզությունը, ապա դրա նյարդային ծագումը դժվար է հայտնաբերելը։

«Ակամամիզության կամ էնուրեզի պատճառագիտությունը 100 տոկոսով պարզ չէ, ամեն դեպքում այն կարող է արտահայտվել նաև որպես միզասեռական հիվանդությունների հետևանք, ախտանշան, և եթե բացահայտվի, որ պատճառը դա է, ապա, ըստ կառավարության որոշման, այդ տղաները կազատվեն բանակից։ Բայց կան որոշակի բնածին, նյարդային խնդիրներ, որոնք շատ դժվար է հայտնաբերել, մենք նման գործիք չունենք՝ այդ պատճառը հայտնաբերելու համար, եթե լուրջ օրգանական խնդիրներ, անոմալիաներ չկան։ Եթե ուրոլոգիական հիվանդություններ չենք հայտնաբերում, գրում ենք, որ հիվանդի մոտ առկա է խնդիրը, բայց պատճառներն անհասկանալի են»։

Հետաքրքիր է, թե այդ դեպքում ինչպե՞ս է որոշվում, որ զորակոչի տարիքի և գիշերամիզությամբ տառապող երիտասարդի մոտ հիվանդությունը նյարդաբանական ծագում չունի, եթե դա հայտնաբերելը բավականին բարդ ու ժամանակատար է կամ անհնարին, և արդյոք տղաների ծառայությունը նման պայմաններում կարելի՞ է հիմնավորված համարել․․․

 

Թագուհի Ասլանյան