Մերկել-Մակրոն նոր պայմանագիրը

Գերմանիայի կանցլեր Ա. Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Է. Մակրոնը օրեր առաջ գերմանական Ախեն քաղաքում միջպետական պայմանագիր են ստորագրել համագործակցության մասին: Փաստաթուղթը բավական ծավալուն է, ներառում է կրթությանը, գիտությանը, բնապահպանությանը, մշակույթին և մի շարք այլ ոլորտներին վերաբերվող հարցեր, սակայն առավել չափով կենտրոնացած է խաղաղության և անվտանգության խնդիրների վրա: Ի դեպ, ուշագրավ է, որ ստորագրման արարողությանը նախորդող ելույթներում նշված երկրների ղեկավարներն իրենց խոսքում, կարծես թե որպես հիմնավորում նման փաստաթղթի անհրաժեշտության, մատնանշում էին իրենց երկրներում ազգայնականության աճն ու միջազգային իրավիճակի հետզհետե աճող լարվածությունը:

Փաստաթղթի բովանդակային կողմն ամբողջապես վերաբերվում է բացառապես այս երկու երկրների հարաբերություններին, սակայն հաշվի առնելով Գերմանիայի ու Ֆրանսիայի ներգրավվածությունը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին, այդ տնտեսական ու ռազմաքաղաքական կառույցներին «չխրտնեցնելու» համար, Մերկել-Մակրոն պայմանագրի տեքստը, ինչպես նաև մեկնաբանությունները (հատկապես Մերկելի կողմից հնչեցված) թռուցիկ կերպով անդրադառնում են նաև այդ կառույցների շահագրգռվածությանը: Մասնավորապես՝ Գերմանիայի կանցլերը նշելով, որ «Մեր երկրները միմյանց ցուցաբերելու են ռազմական աջակցություն այն դեպքում, երբ մեզանից մեկը կենթարկվի ռազմական հարձակման», միևնույն ժամանակ շեշտում է, որ այս պայմանագրով «ցանկանում են իրենց ներդրումն ունենալ եվրոպական բանակի ձևավորման գործում»:

Հիշեցման կարգով նշենք, որ դեռևս 1993թ. կնքված Մասստրիխտի պայմանագրի հենասյուներից մեկը նվիրված էր հենց Եվրամիության երկրների կողմից համատեղ արտաքին և անվտանգության քաղաքականությանը: Հետագա տարիների ընթացքում համաեվրոպական պաշտպանության և անվտանգության ինստիտուցիոնալիզման խնդիրը բազմիցս է հանդիսացել քննարկումների, նոր պայմանագրերի ու համաձայնագրերի առարկա: Դրանց արդյունքում փաստաթղթերի տեսքով ձևակերպվել են «Անվտանգության ու պաշտպանության ոլորտում ԵՄ գլոբալ ռազմավարության իրականացման ծրագիրը», «Եվրոպական պաշտպանության ոլորտում գործողությունների ծրագիրը», նույն ոլորտին վերաբերվող «ԵՄ-ՆԱՏՕ համատեղ հռչակագիրը» և այլն: Նշված և այլ փաստաթղթերում ու համաձայնագրերում առանցքային արտահայտությունը միշտ եղել է «համատեղ կամ հավաքական պաշտպանությունն ու անվտանգությունը»: Օրինակ, Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածում այդ միտքն ունի հետևյալ ձևակերպումը. «Դաշնության անդամ-երկրների հավաքական պաշտպանությունը որևէ երկրի վրա հարձակումը դիտում է որպես ռազմական հարձակում ամբողջ դաշինքի վրա»: Այսինքն՝ պաշտպանության ու անվտանգության ոլորտի համատեղ իրականացման ենթակա պայմանավորվածություններն ու պարտավորություններն արդեն իսկ ամրագրված էին ԵՄ-ն և ՆԱՏՕ-ի համապատասխան փաստաթղթերում: Սակայն, Մերկել-Մակրոն պայմանագրի «համատեղ» ձևակերպումը վերաբերվում է միմյան այս երկու երկրներին, ըստ էության, դրանց առանձնացնելով վերոնշյալ կառույցների տրամաբանությունից:

 

Պայմանագիրը ստորագրվել է գերմանական Ախեն քաղաքում, որը տեղակայված է Բելգիայի, Հոլանդիայի ու Լյուքսեմբուրգի սահմանակից շրջանում: Պատմությունից հայտնի է, որ այս երկու երկրների միջև վճռորոշ փաստաթղթերի ստորագրումը ավանդաբար կատարվում է բավական խորհրդանշային վայրերում: Իսկ ի՞նչ կարող է այն խորհրդանշել․ ա՞յն, որ ակնարկով հղում է արվում ժամանակին առաջ քաշված նոր ձևաչափի միության վրա (Ֆրանսիա, Գերմանիա և Բենիլյուքսի երկրներ), թե որևէ այլ բան:

Ի դեպ, թեև Ախենը գտնվում է Գերմանիայի տարածքում և ունի բոլորի կողմից ճանաչված անվանում, այնուամենայնիվ, ֆրանսիացիները, պատմական հիշողությամբ դրդված, համառորեն շարունակում են այն անվանել Էքս-լա-Շապել:

Նշանակո՞ւմ է, արդյոք, այս ամենը, որ այլևս դե ֆակտո չկա Եվրամիությունը, հավաքական համաձայնություններին ու պարտավորություններին փոխարինելու են գալիս երկկողմները, և ջանքեր են գործադրվում ամբողջից փրկելու գոնե մասը (նկատենք նաև, որ պայմանագրի կետերից մեկը նախատեսում է «համատեղ խորհրդարանական ասամբլեայի ստեղծում»՝ կազմված միայն գերմանացի ու ֆրանսիացի պատգամավորներից): Նշանակո՞ւմ է արդյոք, որ այլևս չկա ՆԱՏՕ-ն, և Եվրոպայի վրա շրջում է պատերազմի ուրվականը: Ինչպես կասեր հայտնի Օստապ Բենդերը, «…Ոչինչ չկա, և, ընդհանրապես, աշխարհի ամենավերջին քաղաքը Շեպետովկան է, որի ափերին զարնվելով, մարում են Խաղաղ օվկիանոսի ալիքները»:

 

 

Լևոն Անդրիասյան