Մենք երբեք պարտվողական չենք եղել ու չենք լինելու․ Զոհրաբ Մնացականյան

Այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադառնալով ԼՂ կարգավորման խնդրին, փաստել է, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին։ Այս մասին տեղեկացրել է «Արցախպրես» լրատվական կայքը։

«Միշտ խոսել ենք այն մասին, որ խաղաղությանը նպաստող միջավայր է անհրաժեշտ, քանի որ բոլորս հասկանում ենք, որ անհնար է մի կողմից բանակցել խաղաղություն մասին, իսկ մյուս կողմից թշնամություն կամ էսկալացիոն լարվածության մեծացում լինի,- ասել է նախարարը։- Բոլոր այն հանգամանքները, որ նպաստում են խաղաղությանը նպաստող միջավայրին, կարևոր են և էական»։

Մնացականյանի խոսքով, ՀՀ-ի համար եղել ու մնում են կարևոր Արցախի խնդրի խաղաղ կարգավորումն ու ստատուս քվոն։

«Այսօր մենք ունենք մեր գերակայությունները, այդ առումով բանակցություններում չի եղել մի բան, որի մասին դուք չիմանաք,- ընդգծել է Զոհրաբ Մնացականյանը։- Շատ հետաքրքիր է, թե ինչպիսի մեկնաբանություններ կան, նաև որոշակի կասկած կա, թե մենք ինչ-որ պարտվողական տրամադրվածություն ունենք, թե ինքնավստահություն ենք կորցրել։ Վստահ եղեք, նման բան չունենք և կարիք չկա տեսնելու մի բան, որը չկա։ Մենք երբեք պարտվողական չենք եղել ու չենք լինելու»։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ էր նշանակում Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարի այն հայտարարությունը, թե, ի վերջո, ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև փոխըմբռնում կա, Զոհրաբ Մնացականյանը շեշտեց, թե փոխըմբռնումն այն է, որ հստակ են Հայաստանի մոտեցումները։ ԱԳ նախարարը, խոսելով երկու պետությունների հասարակությանը խաղաղության պատրաստելու մասին, նկատեց, որ սա անհրաժեշտություն է, և որևէ նոր որոշում չկա։

«Սա, որպես սկզբունք, մենք արտահայտել ենք, որևէ նորություն չկա,- շեշտել է արտաքին գերատեսչության ղեկավարը։- Մենք աշխատում ենք խաղաղության համար, բայց մեր վճռականությունը չպետք է հարցականի տակ դրվի, սա չի նշանակում, որ մենք կորցրել ենք մեր վճռականությունը։ Խաղաղությանն այլընտրանք չկա, խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է»։

ԱԳ նախարարն անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմակերպած հանդիպումների շրջանակից դուրս հանդիպումներին, նշեց, որ դրանք եղել են հանպատրաստից, իսկ ղեկավարներն առիթն օգտագործել են իրար ավելի լավ ճանաչելու ու հասկանալու համար։