Այսուհետ բոլոր զինվորականներն իրենց համազգեստին կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը

Հայոց բանակի օրվա առթիվ Մայր աթոռում մատուցվել է Սուրբ պատարագ

Հունվարի 27-ին, Բանակի օրվան ընդառաջ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ պատարագ:

Սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ԶՈՒ բարձրաստճան սպայական կազմը, Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ:

Սուրբ պատարագի ավարտին,  Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվել է Հայրապետական մաղթանք` ի շենություն և ի պայծառություն Հայաստան աշխարհի ու Հայոց բանակի:

Հայրապետական մաղթանքից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն: Ի գնահատություն Հայրենիքին ու հավատավոր ժողովրդին մատուցած ծառայությունների, Վեհափառ հայրապետը Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի միջնորդությամբ Հայ եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով պարգևատրել է մի շարք բարձրաստիճան զինվորականների: Մայր Աթոռի բարձրագույն պարգևին արժանացել է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով այսուհետ բոլոր զինվորականներն իրենց համազգեստին կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը: Ընդունելությանը ներկա զինվորականներին հանձնվել են կրծքանշանի առաջին օրինակները: