Երևանի քաղաքապետի վերաբերմունքը «Սանիթեքի» գործունեության հանդեպ չափազանց մեղմ է․ չարդարացված բարեհոգությո՞ւն, թե կոռուպցիա․․․

Օրերս քաղաքապետարանի պաշտոնական կայքով հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Երևանի քաղաքապետարանը 9 նոր հատուկ մեքենա է ձեռք բերել մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքներն իրականացնելու համար: Հաղորդագրության մեջ նշված է, որ ձնամաքրումից բացի, նոր տեխնիկան նախատեսված է նաև աղ և ավազ ցանելու համար: Տարվա տաք եղանակներին դրանք կարող են ծառայել որպես ջրցան մեքենաներ, ապահովելով երևանյան փողոցների մաքրությունը:

Տվյալ մեքենաները ձեռք բերելու համար քաղաքապետարանը որպես հիմնավորում ներկայացրել է մայրաքաղաքի սանիտարական մաքրմամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության անգործությունը։ Վերջինս, ի դեպ, առավել ակնհայտ դարձավ թավշյա հեղափոխությունից հետո, երբ փոփոխվեց նաև քաղաքային իշխանությունը։ Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ հստակ նշված է, որ մայրաքաղաքում աղբահանության գործառույթը ստանձնած ընկերությունը վերջին ժամանակներս տարբեր պատճառներով իր պարտականությունները բավարար չի կատարում, որպես պատճառ է ներկայացվել նաև մեքենաների անսարք լինելը, ուստի երաշխավորված սանմաքրում իրականացնելու համար, քաղաքը ձեռք է բերել իր սեփական տեխնիկան:

«Սա սկիզբն է և փոքր մասն է այն տեխնիկայի, որը ձեռք ենք բերելու,- նշել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:- Առաջիկայում համայնքը կունենա նաև աղբահանության համար նախատեսված իր տեխնիկան: Հետագայում կլինի երկու կամ երեք օպերատոր, հաշվի առնելով նաև միջազգային փորձը, դրանցից մեկը նաև կարող է լինել հենց Երևան համայնքը: Բանակցություններն արդեն ընթանում են, որոնց արդյունքում տարվա ընթացքում համայնքը ևս կդառնա օպերատոր»։

Դեռ մի կողմ թողնենք քաղաքապետարանի կայացրած որոշման և ձեռնարկած քայլերի արդյունավետությունը։ Հաղորդագրության մեջ քաղաքապետը նշել է, թե հիշյալ տեխնիկան (դրա ձեռք բերման համար քաղաքային բյուջեից 414 մլն դրամ է վճարվել) գնվել է ռուսաստանյան «ԿամԱԶ» ընկերությունից, որը հաղթող է ճանաչվել մրցույթում։ Այդպիսով քաղաքապետն արձանագրել է, թե իբրև գնումն իրականացվել է մրցույթային կարգով։ Մինչդեռ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեխնիկայի ձեռք բերման համար հատուկ գնահատող հանձնաժողով ձևավորելու մասին փաստաթղթերը, որոնցում նշված է, որ այդ 9 մեքենաները ձեռք են բերվել առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։

Հաշվի առնելով, որ Հայկ Մարությանն ինչ-ինչ անհիմն պատրվակներով և օրենքի խախտմամբ փորձում է թաքցնել քաղաքապետարանի աշխատակիցներին խոշոր չափով պարգևատրումների մանրամասաները՝ պարգևատրվածների անուններն ու դրամական պարգևների չափերը, իսկ մինչև այդ էլ, փաստորեն, վերոնշյալ մեքենաների գնման ընթացակարգն է կեղծ ներկայացրել, կարող ենք եզրակացնել, որ քաղաքապետարանում գաղտնի գործելաոճն ու հանրության աչքին թոզ փչելը վտանգավոր սովորություն են դառնում։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում հարց հնչեցրեց, թե արդյո՞ք ճիշտ էր մեկ անձից գնման ընթացակարգով ձեռք բերել ձյունը մաքրող մեքենաները, եթե մրցութային կարգով հնարավոր էր գումարն ավելի արդյունավետ ծախսել և ավելի մատչելի առաջարկ ստանալ։ Ըստ մեր զրուցակցի, արագացված ընթացակարգով գնումների անհրաժեշտությունը քաղաքապետարանը կարող է հիմնավորել նրանով, որ մեքենաների ձեռքբերումը նախաձեռնվել է դեկտեմբերին և մրցութային կարգով գնումներ կատարելու դեպքում տեխնիկայի ձեռքբերման գործընթացը բավականին երկար կտևեր, իսկ ձնառատ տեղումների դեպքում մայրաքաղաքը կարող էր մնալ առանց ձնամաքրման աշխատանքների։ Այդ տեսանկյունից եթե քաղաքապետարանի շտապողականությունն անգամ ընդունելի է, մանավանդ, որ օրենքը չի արգելում արագացված գնումներ կատարել մեկ անձից, ապա ՀԿ-ի նախագահի համար անհասկանալի է, թե քաղաքապետարանն ի՞նչ մտավախությամբ է ներկայացրել, թե իբրև մրցույթ է եղել, որում հաղթել է ռուսաստանյան ընկերությունը։

«Եթե քաղաքապետն այդ տեխնիկան չգներ, չի բացառվում, որ հասարակությունը նրան մեղադրեր ձնամաքրման աշխատանքները պատշաճ չկազմակերպելու համար,- ասաց է Բաբկեն Պիպոյանը։- Այդ առումով օպերատիվ կազմակերպված գնման գործընթացն ընկալելի է։ Բայց ակամա հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչո՞ւ է պաշտոնական հաղորդագրության մեջ մոլորեցնող տեղեկություն ներկայացվել, թե իբրև գնումը մրցույթով է տեղի ունեցել։ Այս մասին դեռևս քաղաքապետը կամ քաղաքային իշխանության որևէ ներկայացուցիչ պարզաբանում չի ներկայացրել, ինչը կասկածի տեղիք է տալիս»։

Նման շտապողականությամբ, ի դեպ, քաղաքապետը գնել էր նաև մայրաքաղաքի գլխավոր տոնածառը՝ միայն տոնածառի, լույսերի ու խաղալիքների համար 71 մլն դրամ վճարելով, և դարձյալ առանց մրցույթի։ Տվյալ գործարքը շատ հասարակական կազմակերպություններ ու մասնագետներ անարդյունավետ գնում համարեցին։ Բայց այն ժամանակ քաղաքապետը չէր ստել և ազնվորեն խոստովանել էր, որ տոնածառը գնվել է մեկ անձից։ Չի բացառվում, որ տոնածառի գնման ընթացակարգի կոշտ ու տեղին քննադատությունը խրտնեցրել է Հայկ Մարությանին, և նա որոշել է այս անգամ թաքցնել, թե ինչ եղանակով է գնել մեքենաները։

Բացի վերոնշյալից, ինչպես և տոնածառի դեպքում, այս անգամ էլ տեխնիկայի համար նա վճարել է հարկատուների գրպանից՝ առանց այդ հարկատուների ու շահագրգիռ կազմակերպությունների հետ խորհրդակցելու ու նրանց հետ հաշվի նստելու։ Տոնածառի դեպքում դա նրան ամենևին չխանգարեց, որպեսզի կատարված գնումը հիմնավորեր ժողովրդական պահանջով։ Ու այդպես էլ պարզ չդարձավ, թե այդ ո՞ր հարթակում էր ժողովուրդը քաղաքապետարանին նման պահանջ ներկայացրել։ Հիմա էլ նույնը կրկնվում է, ու չի բացառվում, որ առժամանակ հետո Հայկ Մարությանը նորից հայտատարի, թե 9, իսկ հետագայում նաև մյուս գնված մեքենաներն իրականում ժողովրդի ցանկությունն ու պահանջն են եղել։

Բաբկեն Պիպոյանն աններելի է համարում, որ քաղաքապետարանի բոլոր ծրագրերում անտեսվում է հանրային կարծիքը։

«Ժողովուրդը բարձր քվել է տվել ներկա քաղաքային իշխանությանը, դա նրանց հանդեպ վստահության ապացույց է, բայց դա չի նշանակում, որ պետք է անտեսել հանրային կարծիքը,- ասաց Բաբկեն Պիպոյանը։- Իսկ հանրային կարծիքը հաշվի առնել՝ նշանակում է նաև նեղ ուղղվածություն ունեցող կազմակերպությունների հետ բաց, թափանցիկ քննարկումներ կազմակերպել։ Հասարակության մի մասը Հայկ Մարությանին քվել է տվել այն հույսով, որ նոր քաղաքային իշխանությունը տարբերվելու է՝ առանցքային հարցերը հանրային քննարկման դնելով, այդ թվում՝ նեղ մասնագիտական գործունեություն  ծավալող կառույցների հետ, և այդպես են համապատասխան որոշումները կայացվելու։ Քարոզարշավի ժամանակ նման խոստումներ են տվել, որ կարևորագույն հարցերում ոչ միանձնյա որոշումներ են կայացնելու, հաշվի են նստելու հանրային կարծիքի հետ։ Բայց հիմա հակառակն են անում»։

Մեր զրուցակցի ներկայացմամբ, ներկա իշխանությունը թափանցիկ գործելաոճ ասելով, պատկերացնում է շուրջօրյա օնլայն լինելը, ինչ-ինչ մեկնաբանություններ անելն ու իրենց արածները զգուշավոր ներկայացնելը։ Մինչդեռ, թափանցիկ աշխատաոճը լիովին հաշվետու լինելն ու հանրության կարծիքն այս կամ այն ծրագրերում հաշվի առնելն է։

«Թափանցիկ աշխատաոճն անընդհատ օնլայն լինելը, ուղիղ եթերներ, գրառումներ ու մեկնաբանություններ անելը չէ, իսկ քաղաքացիների ու կազմակերպությունների համար, նրանց հարցերին պատասխաններ տալու համար անհասանելի մնալը,- ասաց պարոն Պիպոյանը։- Որևէ հարցի վերաբերյալ ամբողջական, հանրությանը բավարարող ու հաշվետու տեղեկատվություն պարունակող պարզաբանումն է թափանցիկ լինելը, ինչպես նաև նախաձեռնությունները մասնագետների հետ քննարկելն ու նրանց կարծիքները հաշվի առնելը։ Ի վերջո, գոյություն ունի նաև ավագանի, որի կարծիքն էլ պետք է հաշվի առնվի այս կամ այն որոշման դեպքում։ Բայց մինչև օրս, բոլոր նման գործընթացները միանձնյա են կառավարվել և իրականացվել»։

Սպառողների շահերը պաշտպանող կազմակերպության ղեկավարն անդրադարձավ նաև «Սանիթեքի» գործունեության հանդեպ քաղաքապետի չափազանց մեղմ վերաբերմունքին։ Նա փաստորեն փոխանակ այդ ընկերությանը որոշակի լծակներով պարտադրելու, որ պարտականությունները պատշաճորեն կատարի, ինչի համար, ի դեպ, ընկերության բաժանորդները վճարում են, ինքն է որոշել ստանձնել անգործության մատնված ընկերության պարտականությունները՝ իբրև աղբահանող օպերատոր։ Եվ այս դեպքում անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ պետք է բաժանորդները շարունակեն վճարել «Սանիթեքին», եթե նրա գործառույթներն իրականացնելու է քաղաքապետարանը՝ այդ նույն բաժանորդների վճարած հարկերից գոյացած բյուջեի հաշվին մեքենաներ ձեռք բերելով և աղբահանություն իրականացնող աշխատակիցներին աշխատավարձեր վճարելով։

«Քաղաքապետարանն առ այսօր իր կոշտ դիրքորոշումը չի արտահայտել «Սանիթեքի» գործունեությանը, բացի հայտարարությունից, որ իրենց չի գոհացնում այդ ընկերության աշխատանքը,- ասաց Բաբկեն Պիպոյանը։- Չի ներկայացրել հստակ դիրքորոշում, թե որն է լինելու ընկերության հանդեպ քաղաքային իշխանության վերաբերմունքը, ի վերջո, լուծելո՞ւ է նրա հետ պայմանագիրը, թե, այնուհանդերձ, փորձելու է այլ ռեսուրսների ներգրավմամբ արդյունք ապահովել։ Սա անորոշություն է ստեղծում, և այդպես էլ չես հասկանում, թե քաղաքային իշխանությունն ինչ գործելաոճ ու քաղաքականություն է իրականացնում՝ մասնավորեցմա՞ն, թե պետական կառավարման, երբ պետությունը, համայնքն ինքն է ստանձնում քաղաքի խնդիրները հոգալու համար այս կամ այմ գործառույթն իրականացնելու պարտավորությունը։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ է հայտարարել, թե պատրաստվում է նաև այլ օպերատորների ներգրավել՝ աղբահանության աշխատանքներն իրականացնելու նպատակով։ Քաղաքապետը կկարողանա՞ գլուխ հանել իր իսկ  ստեղծած թնջուկից»։

Փաստաթղթերի լուսանկարը ներկայացվում է ստորև։

 

Թագուհի Ասլանյան