Սիրիան մեղադրել է Թուրքիային Ադանայի համաձայնագիրը խախտելու մեջ

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Թուրքիային ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Ադանայի միջպետական համաձայնագիրը խախտելու մեջ, քանի որ Անկարան աջակցում է ահաբեկիչներին և բռնազավթել է Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքները։ Այս մասին տեղեկացրել է Ria.ru-ն։

Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում մասնավորապես նշված է, որ դրա համար առիթ են ծառայել «թուրքական ռեժիմի բազմակի անպատասխանատու հայտարարությունները Սիրիայի նկատմամբ ագրեսիվ մտադրությունների մասին»։

«Սիրիան հաստատում է, որ բոլոր առումներով պահպանում է ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Ադանայի միջպետական համաձայնագիրը և դրա հետ կապված բոլոր համաձայնությունները, սակայն թուրքական ռեժիմը 2011 թվականից առ այսօր խախտում է համաձայնագիրը, հովանավորելով և սատարելով ահաբեկչությունը, մարզելով գրոհայիններին և հեշտացնելով նրանց ճանապարհը դեպի ՍԱՀ՝ կա՛մ իրեն ենթակա ահաբեկչական խմբավորումների, կա՛մ անմիջականորեն թուրքական ԶՈՒ-ի օգնությամբ սիրիական տարածքները բռնազավթելու միջոցով»,- ԱԳՆ-ի աղբյուրին մեջբերելով, հաղորդել է Սիրիայի պետհեռուստատեսությունը։

Դամասկոսը կոչ է արել Անկարային «ակտիվացնել» Ադանայի համաձայնագիրը, դադարեցնելով ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցությունն ու Սիրիայի բռնազավթումը, ինչպես նաև վերադարձնելով սահմանում տիրող իրավիճակը մինչճգնաժամային դրությանը։