Հայերի մեծագույն ավանդը Լենինգրադի բլոկադայի ճեղքման գործում

Այսօր Լենինգրադի բլոկադայի ճեղքման 75-րդ տարեդարձն է

Շրջափակման 872 օրերին սովը 632 253 մարդու կյանք խլեց։ Լենինգրադի ազատագրումը նույնպես տրվեց բազմաթիվ կյանքերի գնով՝ 332 059 զոհ, 24 324 զոհեր՝ ռազմական գործողություններից դուրս, 111 142 անհայտ կորածներ, հրետանային և օդային գրոհների հետևանքով  զոհված 16 747 մարդ քաղաքացիական բնակչությունից։

Լենինգրադի ճակատամարտում թշնամու դեմ կռվել են հայ ժողովրդի հազարավոր զավակներ։ Բալթիական նավատորմի ռազմական գործողությունները ղեկավարում էր Հովհաննես Իսակովը։ 1942թ․ դեկտեմբերին Պուլկովյան բարձունքների ծանր մարտերում զոհվեց գեներալ-մայոր Բ. Գալստյանը։ Լենինգրադի պաշտպանության օրերին մեծ սխրանքներ են գործել հայ օդաչուներ Նելսոն Ստեփանյանը, Լ. Չափչախյանը, Մ. Դավթյանը, Ն. Սաղաթելովը, Գ. Պետրոսյանը, Ա. Ափինյանը, Ն. Սարգսյանը, Ա. Խաչատուրովը, նավաստիներ Վ. Ակոպովը, Մ. Աղաջանյանը, Դ. Մկրտչյանը, սուզանավի մարտական մասի հրամանատար Հ. Հովակիմյանը։ Խիզախությամբ աչքի են ընկել հրետանու հրամանատարներ Ս. Հարությունյանը, Ս. Նարինյանը, Ա. Սարգսյանը, Դ. Բաղդասարյանը, Վ. Հարությունյանը, տանկի հրամանատար Ե. Ավետիսյանը։

Լենինգրադի պաշարումը ճեղքելու պատմական փաստաթղթի տակ ստորագրել են Երևանի նախկին Կիրովյան շրջկոմի առաջին քարտուղար, գումարտակի կոմիսար Հ. Մելքոնյանը և հայազգի Ք. Կալուգովը։ Ռազմաճակատին մեծ օգնություն են կազմակերպել Ռ. Ոսկանյանը (ԽՍՀՄ էլեկտրաարդյունաբերության ժողկոմի տեղակալ), Ա. Տատուսյանցը (քիմիա-տեխնոլոգիական ինստիտուտի դոցենտ)։ Կարևոր առաջադրանքներ է կատարել նավատորմի ջրային տեղամասի պետ Ի. Մամյանը։ Բժշկության բնագավառում աչքի են ընկել Ս. Կարճիկյանը, Ա. Կյուչարյանցը։ Լենինգրադի հերոս պաշտպանների շարքերում էին էրմիտաժի տնօրեն, ակադեմիկոս Հովսեփ Օրբելին, ԽՍՀՄ ժողովրդական դերասան Վահրամ Փափազյանը, դերասանուհի Ա. Գաբրիելյանը և շատ ուրիշներ։

Հավերժ հիշատակ Լենինգրադի բլոկադայի անմեղ զոհերին և հերոս ազատարարներին։