ԱՄՆ-ի պատժամիջոցներին ենթարկված հայկական զբոսաշրջային գործակալությունը ժխտում է կապերն Իրանի հետ

«Թռիչք» (Flight) հայկական զբոսաշրջային գործակալությունը, որը ենթարկվել է ԱՄՆ-ի պատժամիջոցներին, ոչ մի պայմանագիր չունի իրանական որևէ ընկերության հետ, այդ թվում՝ «Mahan Air» իրանական ավիափոխադրողի, «ՌԻԱ  Նովոստիին» հայտարարել է «Թռիչք» (Flight) հայկական զբոսաշրջային գործակալության տնօրեն Կարինե Դավթյանը։

Ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը Իրանի վերաբերյալ պատժամիջոցային ցուցակներում ընդգրկել էր Հայաստանի երկու ռազմական կազմավորումներ, երկու ընկերություններ և երկու օդանավ։ Մասնավորապես     հաղորդագրությունում նշված է, որ պատժամիջոցների է ենթարկվում հայաստանյան «Flight Travel LLC» ընկերությունը՝ պատժամիջոցների տակ գտնվող «Mahan Air» իրանական ավիափոխադրողի հետ կապերի համար։

«Հաղորդագրության բովանդակած տեղեկատվությունը մեզ չի վերաբերվում,- ասել է Դավթյանը։- Մենք ոչ մի պայմանագիր չունենք իրանական որևէ ընկերության հետ։ Մենք Իրան չենք ուղարկել ոչ մի ուղևոր և ոչ մի կիլոգրամ բեռ։ Ավելին․ մեր ընկերությունը պաշտոնապես կոչվում է «Թռիչք», անգլերեն՝ Flight, այլ ոչ թե Flight Travel»։

Նրա խոսքերով, գործակալությունը Հայաստանի զբոսաշրջային շուկայում աշխատում է արդեն 23 տարի և չի ցանկանում, որ իր հեղինակության վրա ստվեր գցեն։

Mahan Air-ի դեմ պատժամիջոցները ԱՄՆ-ի կողմից սահմանվել են «ահաբեկչական կազմակերպություններին օգնելու» համար այդ ավիաընկերության ինքնաթիռներով Իրանի սահմաններից դուրս զենք և զինվորականներ փոխադրելու մեղադրանքների կապակցությամբ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցած տարվա մայիսին հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային ծրագրի համաձայնագրից։ Նա հաղորդել էր նաև այդ երկրի դեմ բոլոր պատժամիջոցների վերականգնման մասին, այդ թվում՝ երկրորդական, այսինքն՝ Իրանի հետ բիզնես վարող այլ երկրների նկատմամբ։ Վաշինգտոնը հայտարարել է իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելու նպատակի մասին և կոչ արել դրա գնորդներին հրաժարվել այդպիսի գնումներից։

Իրանի դեմ ԱՄՆ-ի լրացուցիչ պատժամիջոցները, որոնք ներառել են նավթի արտահանումը, ուժի մեջ են մտել նոյեմբերի 5-ին։ Ընդ որում, Վաշինգտոնը նավթային պատժամիջոցներից ժամանակավոր բացառություններ է տրամադրել Չինաստանին, Հնդկաստանին, Իտալիային, Հունաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային, Թայվանին և Թուրքիային։