«Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» տնօրենին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» գործադիր տնօրենին մեղադրանք է առաջադրվել` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և առանձնապես խոշոր չափերով  յուրացում կատարելու համար: ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն, 2018թ. մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի»  հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն առ այն, որ ապրիլի 6-ին Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326 000 000 դրամի փոխառության պայմանագիր:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում դիմումի հիման վրա նախապատրաստվել էին նյութեր, որոնց արդյունքներով հարուցվել էր քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» գործադիր տնօրենը 2010-ից հանդիսանալով հիմնադրամի գործադիր տնօրեն, 2013թ․ ապրիլի 29-ից մինչև 2018 թվականի մայիսի 22-ը յուրացման եղանակով հիմնադրամից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի  գումար:

Նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել առերևույթ հափշտակված առանձնապես խոշոր չափի գումարի հանցավոր ծագումը, դրա իրական բնույթը, օրինականացրել է այն՝ փոխկապակցված տարբեր ընկերությունների և ֆիզիկական անձանց հաշվեհամարներին մաս-մաս փոխանցելու, կանխիկացնելու, ինչպես նաև  տարատեսակ գործարքներ իրականացնելու միջոցով:

Այսպես, գործադիր տնօրենը 2013թ. ապրիլի 29-ից մինչև 2018թ. մայիսի 22-ը հիմնադրամից յուրացման եղանակով հափշտակված, հանցավոր ճանապարհով ստացված 325 600 000 դրամ գումարի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, առանձանապես խոշոր չափի՝ 226 464 209 դրամ գումարը, մշակված հանցավոր մեխանիզմների և սխեմաների կիրառմամբ, հաշվից հաշիվ փոխանցելու, քողարկելու և մասնատելու եղանակով օրինականացրել է: Մասնավորապես՝ հիմնադրամի գործադիր տնօրենը նույն ժամանակահատվածում հիշյալ գումարը կանխիկ փոխանցել է իր մոր անվամբ գրանցված բանկային հաշվեհամարներին:

Այնուհետև, 15.05.2013թ․ մինչև 29.12.2016թ․ մոր հաշվեհամարից 539 332 ԱՄՆ դոլար գումարը փոխանցվել է Մեծ Բրիտանիայում գործող բանկերից մեկի հաշվեհամարներին, որից հետո 14.05.2013թ․ մինչև 30.12.2016թ․ Մեծ Բրիտանիայում գործող հաշվեհամարներից 490 583 ԱՄՆ դոլար փոխանցել է կնոջ՝ Մ. Ղ.-ի հաշվեհամարին, ապա կնոջ հաշվեհամարից 477 485 ԱՄՆ դոլար գումարը փոխանցվել է իր՝ հայաստանյան հաշվեհամարին և կանխիկացման ու բանկային փոխանցման եղանակով օգտագործել է իր անձնական կարիքների համար:

2019թ. հունվարի 24-ին «Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի» գործադիր տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: