Տնտեսական, ներքին ու արտաքին քաղաքականության մեջ այսօր արձանագրվող կոպիտ սխալների գինը չափազանց թանկ է լինելու․ Ռոբերտ Քոչարյան

Ավաղ, այդ գինը վճարելու է մեզանից յուրաքանչյուրը

Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել իր կողմնակիցներին։ Ակնհայտ համարելով, որ օրվա իշխանությունները, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, «ցավոք, քաղաքական ու պետական ղեկավարման առումով կատարյալ տկարություն են ցուցաբերում», Ռոբերտ Քոչարյանը գրել է․

«Հարգելի գործընկերներ, թեև արդեն շուրջ երկու ամիս գտնվում եմ ապօրինի ազատազրկման մեջ, սակայն ուշադրությամբ հետևում եմ իրադարձությունների զարգացմանը Հայաստանում, Արցախում և տարածաշրջանում: Ձևավորված խորհրդարանական մեծամասնության որակական կազմը որևէ հնարավորություն չի թողնում հավատալու, թե իշխող նոր թիմը ունակ է արդյունավետ կերպով կառավարել երկիրը: Արդեն իսկ պարզ է, որ տեսանելի ապագայում ականատեսն ենք դառնալու հիասթափության մեծ մի ալիքի, որ բազմաթիվ անիրականանալի և պոպուլիստական խոստումների տխուր ու կանխատեսված հետևանքն է լինելու: Իսկ տնտեսական, ներքին ու արտաքին քաղաքականության մեջ այսօր արձանագրվող կոպիտ սխալների գինը չափազանց թանկ է լինելու: Ավաղ, այդ գինը վճարելու է մեզանից յուրաքանչյուրը»,- գրել է Ռոբերտ Քոչարյանը:

ՀՀ երկրորդ նախագահի համոզմամբ, Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում ցանկացած վրիպում կարող է անդառնալի ու ճակատագրական հետևանքներ ունենալ:

«Մի քանի բառով ասեմ իմ, այսպես կոչված, «գործի» մասին,- գրել է ՀՀ երկրորդ նախագահը։- Ամեն գնով, օրենքի բռնաբարմամբ ու դատական համակարգի մեջքը կոտրելով՝ ինձ կալանքի տակ և այդպիսով քաղաքական կյանքից մեկուսացված պահելը անհեռանկար զբաղմունք է: Արդյունքում ինձ դարձրել են քաղբանտարկյալ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Մի քանի արկածախնդիրների կողմից սարքված այս գործը ոչ թե քանդվելու է ապագայում, այլ արդեն իսկ քանդվել է: Շարունակում եմ այն իրավաբանական աղբ համարել: Դրա ամեն մի դրվագը մեր պատմության մեջ խայտառակ մի էջ է դառնալու և, ցավոք, այդպիսին է մնալու անկախ այն հանգամանքից, որ դրա բոլոր հեղինակներն ու կատարողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ»։

Ռոբերտ Քոչարյանը գրել է նաև, որ բանտարկությունը որևէ կերպ չի կարող ընկճել իրեն, ստիպել հրաժարվել քաղաքական գործունեությունից, «որքան էլ որ նման հույսեր փայփայեն գործող իշխանությունները»:

«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ուղղակի կամ անուղղակի իրենց բողոքի ձայնն են բարձրացրել տեղի ունեցող անարդարության դեմ,- գրել է նա։- Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր չեն տրվում վախի զգացմանը և չեն ձայնարկում ամբոխին: Չեմ կասկածում. տեղի ունեցողը խիստ ժամանակավոր մի բան է, որը տեսանելի ապագայում ավարտվելու է, քանի որ ստի կյանքը կարճ է: Քանի որ կեղծիքի, տգիտության ու ատելության վրա հիմնված որևէ իշխանություն երբևէ երկար պատմություն չի ունեցել»։