Բացահայտվել է Արարատում կատարված ավազակային հարձակումը (տեսանյութ)

Հունվարի 25-ի գիշերը ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ հունվարի 24-ին, ժամը 22։00-ի սահմաններում Արարատ քաղաքի Զոդի Բանավանի Արարատյան փողոցի շենքերից մեկում ավազակային հարձակում է կատարվել: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ, դիմակավորված տղամարդը թակել է բնակարաններից մեկի դուռը, և երբ տանտիրուհին բացել է, դանակի սպառնալիքի տակ պահանջել է գումար ու ոսկյա զարդեր։ Կինը դիմադրել է, օգնություն կանչել, ինչից հետո տղամարդը դիմել է փախուստի։
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները ստացված տեղեկություններն իրացնելով, պարզել են, որ դիմակավորը Արարատի բնակիչ Դավիթ Գասպարյանն է:
Հունվարի 25-ի առավոտյան կասկածյալն իր բնակության վայրից բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին։
Կատարվում է քննություն: