ԱՄՆ-ի հյուսիս-արևելքը և Մոսկվան սաստիկ սառնամանիքում, նաև՝ ձնամրրիկ ու գերառատ ձյուն (տեսանյութ և ֆոտոշարք)

Մոսկվայում սպասվում են այս ձմռան ընթացքում ամենաուժգին ձյան տեղումներ

Օրերս ԱՄՆ-ում սառնամանիքի պատճառով սառել է Նիագարայի ջրվեժը։ ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում սաստիկ սառնամանիքը հանգեցրել է նույնիսկ Հյուսիսային Ամերիկայի ամենահզոր՝ Նիագարայի ջրվեժի մասնակի սառցակալմանը։ Հայտնելով այս մասին, CNN հեռուստաալիքը հաղորդել է, որ սառցակալման պատճառ կարող էր դառնալ ձնամրրիկը, որին ենթարկվել է այդ տարածաշրջանը։ Նշվում է նաև, որ ՝ հունվարի 22-ին ջերմաստիճանն այնտեղ նվազել է մինչև -20 աստիճանի ըստ Ցելսիուսի։

«Սառը քամին տարածաշրջանում կպահպանվի ևս երկու շաբաթ»,- CNN-ին հաղորդել է օդերևութաբան Մայքլ Գայը։

Ջրվեժը տեսնելու եկած զբոսաշրջիկները լուսանկարում են սառցակեղևով պատված ջուրը։ Նրանցից մեկը նշել է, որ ներկայումս բնապատկերը հիշեցնում է Էլզայի պալատը՝ «Սառը սիրտը» մուլտիպլիկացիոն կինոնկարից։

Սաստիկ սառնամանիքը, սակայն, միայն ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին չէ, որ պատուհասել է։ Ռուսաստանի մայրաքաղաքում ևս սառնամանիք է՝ -17 աստիճան, ջերմաստիճանը Մոսկվայում շաբաթ օրը ևս 2 աստիճանով նվազելու է։ Բացի այդ, առաջիկա հանգստյան օրերին Մոսկվայի տարածաշրջանում կտեղա ձյուն, որն ամենաուժգինը կլինի ձմռան սկսվելուց ի վեր։

Գերառատ ձյունը կծածկի Մոսկվան առաջիկա հանգստյան օրերին։ Այս մասին «Զվեզդա»-ին պատմել է Մոսկվայի օդերևութաբանական բյուրոյի գլխավոր մասնագետ Տատյանա Պոզդնյակովան։

Անբարենպաստ եղանակը մայրաքաղաք կհասնի շաբաթ օրը՝ հունվարի 26-ին, և կպահպանվի երեք օր։ Ձյան տեղումները կուղեկցվեն վայրկյանում մինչև 15 մետր արագությամբ քամու սաստիկ պոռթկումներով, ձնահողմ կբարձրանա։

«Միջերկրական ծովից տաք օդի չափաբաժինների մոտենալու հաշվին երկուշաբթի առավոտյան Մոսկվայում սպասվում են 14-17 միլիմետր տեղումներ։ Եվ դա կլինի ձյուն, ճանապարհներին տեղ-տեղ հնարավոր են ձնակուտակներ»,- նշել է Տ.Պոզդնյակովան։

Օդերևութաբանի խոսքերով, դա կլինի այս ձմռան ընթացքում ամենաառատ ձյունը։ Վերջին անգամ մայրաքաղաքի տարածաշրջանում այդպիսի ձյուն կարելի էր տեսնել միայն 2018թ. դեկտեմբերի 6-ին, երբ տեղացել է 10 միլիմետր ձյուն։