Քաշաթաղի շրջանում հայտնաբերվել է 14-18-րդ դարերի ամրոց

«Google Earth» ծրագրի տիեզերական լուսանկարների զննման արդյունքում Քաշաթաղի շրջանի Քարոտան գյուղի հարավային մասում՝ Որոտան ու Հակարի գետերի միախառնման կետում, վերջերս հայտնաբերվել է 14-18-րդ դարերի ամրոց:

«Արցախպրես» լրատվական կայքի տեղեկացմամբ, կայքի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է հնագետ Գագիկ Սարգսյանը՝ նշելով, որ ամրոցը զբաղեցնում է երկու գետերի մակարդակից մոտ 20 մ բարձրությամբ հյուսիս-հարավ ձգվող բլրի էլիպսաձև, ձեռակերտ հարթեցված գագաթնամասը:

«Կառույցը պաշտպանված է շրջապարսպով, որի ներփակ տարածքի առավելագույն երկարությունը 107 մ է, լայնությունը՝ 36 մ, ինչը կազմում է 3680 քմ,- ասել է հնագետը:- Պարսպապատերի ընդհանուր երկարությունը 278 մ է: Պարիսպները կառուցված են միջին չափերի ճեղքած մոխրագույն ավազաքարից և գետաբերաններից բերված գլաքարերից կապակցված ամուր կրաշաղախով։ Այսօր գետնի մակերեսին երևում է միայն 1,5-2,2 մ լայնությամբ պարսպապատի հիմնամասերի ուրվագիծը: Նկատվում է նաև, որ շրջապարիսպը ուժեղացված է եղել ոչ համաչափ դասավորված փոքր, ուղղանկյուն որմնահեծերով: Ամրոցի ներսի տարածքը հիմնականում հարթ է ու դատարկ: Կառուցապատման հետքեր նկատվում են միայն հարավային կողմում՝ այն էլ հատվածաբար ուրվագծվող հիմնապատերի տեսքով»:

Ըստ Գ. Սարգսյանի, ուշագրավ է ամրոցի գլխավոր մուտքի կառուցվածքը: Մուտքի արևելյան աշտարակը չափերով արտաքինից հնգանիստ զանգված է, որի պահպանված ստորին մասը միաձույլ է: Ամենայն հավանականությամբ, նրա վերևի հատվածն ունեցել է սնամեջ ծավալ: Ճիշտ նմանատիպ մի աշտարակ էլ կանգնեցված է ամրոցի հարավ-արևմտյան անկյունում:

«Երկու աշտարակներից բացի, երևացող հիմնապատերից պահպանվել են նաև ցոկոլային մասի 1,5-2 մ բարձրությամբ զանգվածները: Վերջիններս գլխիվայր ընկած են իրենց իսկ հիմքերի դիմաց: Ընկած զանգվածների դիրքն ակնհայտորեն վկայում է, որ այս երկու աշտարակները ժամանակին պայթեցվել են: Ամրոցի կրաշաղախով կառուցված պարիսպների ավերածության աստիճանը թույլ է տալիս մտածելու, որ նրա կործանման մեջ առկա է նաև մարդկային գործոնը: Բլրի լանջերին կառուցապատման ցայտուն հետքեր չեն պահպանվել: Ամրոցի արևելքում հիմնական պարսպագծի տակ փորված պաշտպանական խրամատը, ըստ ամենայնի, Արցախյան ազատագրական պատերազմի հետևանք է»,- մանրամասնել է հնագետը և հավելել, որ հուշարձանի տարածքը հարուստ է վերգետնյա խեցեղենով: Ճարտարապետական մանրամասների և վերգետնյա խեցեղենի վերլուծության հիման վրա հուշարձանը թվագրվում է 14-18-րդ դարերին: