Շվեդական հետախույզ-ինքնաթիռը կալանելու համար օդ է բարձրացվել Սու-27 կործանիչ (տեսանյութ)

Ռուսաստանի սահմանին մոտ, Բալթիկ ծովի չեզոք ջրերի վերևում հայտնաբերվել է շվեդական «Գոլֆստրիմ» հետախույզ-ինքնաթիռը, այն կալանելու համար օդ է բարձրացվել Սու-27 կործանիչը։ Այս մասին այսօր հաղորդել է ՌԴ ՊՆ տեղեկատվության և զանգվածային հաղորդակցությունների դեպարտամենտը։

«Օդային տարածքի վերահսկման ռուսաստանյան միջոցներով Բալթիկ ծովի չեզոք ջրերի վերևում հայտնաբերվել է ՌԴ պետական սահմանին մոտեցող օդային նշանակետ։ Նշանակետը կալանելու համար օդ է բարձրացվել Սու-27 կործանիչ՝ հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կազմից»,- նշված է հաղորդագրությունում։

Սու-27-ը մոտեցել է նշանակետին՝ անվտանգ հեռավորությամբ, և պարզել, որ դա Շվեդիայի ՌՕՈՒ-ի «Գոլֆստրիմ» հետախույզ-ինքնաթիռ է, որը թռիչքը կատարում էր առանց տրանսպոնդերի։

Այն բանից հետո, երբ ինքնաթիռը հեռացել է ռուսաստանյան օդային տարածքից, կործանիչը բարեհաջող վերադարձել է բազավորման օդանավակայան, հավելել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։