Ինչո՞ւ է Հայկ Մարությանը թաքցնում հարկատուների գրպանից արված ծախսերը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից քաղաքապետարանի 1628 աշխատակիցներին 2018թ․ կատարած աշխատանքի համար 474 մլն դրամի կամ 974 հազար ԱՄՆ դոլարի չափով պարգևատրումներն իրականացվել են գաղտնիության քողի ներքո. քաղաքապետարանը չի հրապարակում պարգևատրված աշխատակիցների անունները և նրանց տրված պարգևի չափը:

Քաղաքային իշխանության վերադասներն իրենց գաղտնագողի գործելակերպը փորձում են հիմնավորել՝ հղում կատարելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին ու պնդելով, թե աշխատակիցների անունները բացահատելով, դեմ կգնան նշված օրենքին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում օրերս տեղեկացրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ նշելով, որ ինքը նման պարզաբանում է ստացել քաղաքապետարանի համապատասխան վարչությունից՝ պարգևատրումների մասին կարգադրությունը հրապարակելու մասին իր հորդոր- նամակին ի պատասխան: Քաղաքապետարանից նրան նաև տեղեկացրել են, որ առաջնորդվելով հիշյալ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով և գործատուի կողմից աշխատողի անձնական տվյալները փոխանցելու՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատառումներով, Երևանի քաղաքապետարանը դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը և անձնական տվյալների՝ երրորդ անձանց փոխանցման հարցին առնչվող իրավական կարգավորումների մասով համապատասխան պարզաբանում ստանալուց հետո միայն կկարողանա հրապարակել պարգևատրվածների անունները կամ շարունակել դրանք գաղտնի պահել՝ օրենքի տառին համապատասխան:

Մինչև քաղաքապետարանը կստանա արդարադատության նախարարությանն արված իր հարցման պատասխանը, նախարարության Անձնական տվյալների պահպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանն արդեն «Factor.am»-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ մարդու անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի համաձայն, անձնական տվյալների օրինական մշակման, այդ թվում հրապարակման հիմքերից են մարդու համաձայնությունը, ինչպես նաև օրենքով նախատեսված լինելը:

«Նույնականացվող անձանց պարգևավճարների դեպքում առերևույթ գործ ունենք աշխատանքային հարաբերությունների և աշխատողի անձնական տվյալների հետ, ուստի գործում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի կանոնը, համաձայն որի, գործատուն պարտավոր է աշխատողի անձնական տվյալները չհայտնել երրորդ անձանց առանց աշխատողի գրավոր համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է աշխատողի կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը կանխելու համար, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում»,- ասել է Գևորգ Հայրապետյանը։

Իսկ օրենքը՝ մասնավորապես «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածը, նախատեսում է մեկշաբաթյա ժամկետում  հրապարակել քաղաքապետի ստորագրած իրավական ակտերը: Մեջբերենք օրենքի այդ հոդվածն ամբողջությամբ.

«1. Քաղաքապետն իր իրավասության սահմաններում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ընդունում է որոշումներ, արձակում կարգադրություններ:

2. Քաղաքապետի ակտերն ուժի մեջ են մտնում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Այդ ակտերը մեկշաբաթյա ժամկետում ենթակա են տեղադրման նաև քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում»:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը, որը նաև ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պահպանության գործակալության նախկին պետն է եղել, մեզ հետ զրույցում ևս փաստեց, որ պարգևավճարների մասին կարգադրության հրապարակումն օրենքի խախտում չէ և նախկինում մասնավորապես քաղաքային իշխանության կողմից կատարված պարգևատրումների մասին հրամանագրերը միշտ հասանելի են եղել հանրությանը:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի համաձայն, քաղաքապետի կարգադրությունները պետք է հրապարակվեն քաղաքապետարանի կայքում, ինչը չի արվել, և դա է հենց օրենքի խախտում,- ասաց Շուշան Դոյդոյանը:- Իրենք պարտավոր էին պարգևատրումների մասին կարգադրությունը հրապարակել, ինչպես արվել է նախորդ տարիներին նախկին քաղաքային իշխանությունների օրոք: Անցած տարվա պարգևատրումների մասին տեղեկատվությունն այս պահին էլ առկա է քաղաքապետարանի կայքում: Եթե նախկինում հրապարակվել է, այժմ ինչո՞ւ չպետք է հրապարակվի: Այն օրենքը, որի վրա նրանք հղում են անում, գործում է դեռ 2015 թվականից: Չնայած դրան, այդ ժամանակվանից ամբողջ տեղեկատվությունը միշտ թափանցիկ է եղել: Այսօրվա դրությամբ անձնական տվյալների մասին օրենքում ոչինչ չի փոխվել, այնպես որ հրամանագիրը, ակտերը գաղտնի պահելը որևէ կերպ արդարացված չէ»:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնն, ի դեպ, նույնպես դիմել է քաղաքապետին՝ խնդրելով տրամադրել 2018թ. 4-րդ եռամսյակի ընթացքում պարգևատրված անձանց անուն- ազգանունները և պարգևատրման գումարի չափը։ Սակայն նրանց մերժել են նույն հիմնավորմամբ՝ քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի հետևում պատսպարվելով:

Անձնական տվյալների պահպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանի պարզաբանումից հետո հիշյալ կենտրոնի աշխատակիցները կրկնակի հարցում են արել քաղաքապետարան՝ հույս ունենալով, որ այս անգամ այլևս մերժելու պատրվակներ չեն ներկայացնի: Բայց պարզվում է՝ այժմ էլ քաղաքապետարանում վերծանում են գործակալության ներկայացրած պատասխանը, որն իրականում այնքան էլ խրթին չէ, որպեսզի դրա բովանդակությունը հասկանալու համար օրեր պահանջվեն:

Այսպե՞ս են «թավշյա հեղափոխություն» կոչվածի ժամանակ ու դրանից հետո, նախընտրական շրջանում արդարության, թափանցիկության մասին ամբողջ կոկորդով մեկ բղավող, նախկինների գործունեությունն ամբողջությամբ ժխտող ու սևացնող, ժողովրդավարության մորթու տակ ծպտված և այդ ամենի շնորհիվ, քվեների բացարձակ մեծությամբ իշխանության եկած ղեկավարներն ապացուցում, որ իրենք նախկիններից լավն են, այսպե՞ս են ցույց տալիս նվիրվածությունը իրենց մեծարած հասարակությանը, երբ անգամ չեն ցանկանում հաշվետու լինել, թե ում որքան գումարով են պարգևատրել՝ այն դեպքում, երբ այդ գումարները գոյացել են հարկատուներիս գրպաններից արված վճարումների հաշվին:

Ի դեպ, պարգևատրումների այսօրվա համատարած ալիքը կանխատեսելի էր դեռ նախորդ տարի Երևան համայնքի 2019թ․ բյուջեն հաստատելու ժամանակ, քանի որ բյուջեով պարգևավճարներին հատկացված գումարները զգալիորեն ուռճացված են: Այս տարի նախատեսվում է Երևանի քաղաքապետարանի աշխատողների պարգևավճարների և խրախուսանքների համար քաղաքային բյուջեից հատկացնել շա`տ ավելի մեծ գումար՝ մոտ 2 մլրդ դրամ, մինչդեռ 2018թ․ այդ նպատակների համար հատկացվել էր 758 մլն դրամ։ Նշենք նաև, որ 2017թ․ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի պարգևավճարների համար հատկացվել էր 275 մլն դրամ: Նախկինում ժողովրդին հարստահարելու համար իշխանություններին քննադատող նորելուկ կառավարիչները տեսնես ո՞ւմ հաշվին են այսքան շռայլ․․․

 

Թագուհի Ասլանյան