«Էսկոզին»-ը ո՛չ հակաքաղցկեղային է, ո՛չ էլ դեղամիջոց, առողջապահության նախարարությունն այն հետ է հավաքել

Օրեր առաջ «sisian.info» կայքը տարածել էր տեղեկատվություն «Էսկոզին դեղանյութի առաջին խմբաքանակը գործողության մեջ» վերնագրով: Ըստ տեղեկատվության, Սիսիան քաղաքում գործող «Միքայելյան» բարեգործական հասարակական կազմակերպությունը, որպես «հակաքաղցկեղային» միջոց, «Էսկոզին» կոչվող պրեպարատը բաժանել է Սիսիանի սոցիալապես առավել խոցելի խմբերին:

ՀՀ առողջապահության նախարարության տեղեկացմամբ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ «Էսկոզին» արտադրանքը  «Միքայելյան» բարեգործական հասարակական կազմակերպությունից հետ է հավաքվել` կիրառման վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու համար, քանի որ այդ արտադրանքը դեղամիջոց չի հանդիսանում, այն էլ՝ հակաքաղցկեղային։

Խմբաքանակն այժմ պահեստավորված է առողջապահության նախարարության մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնում:

ՀՀ ԱՆ-ը տեղեկացնում է, որ «Էսկոզին» (Escozine) արտադրանքը կենսաբանական ակտիվ հավելում է: Գրանցման մասին տեղեկությունն առկա է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պետական գրանցման մասին վկայականների ընդհանուր ռեեստրում: