Արցախի Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 24-ին Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2018թ․ արդյունքների ամփոփմանը եւ 2019թ․ անելիքներին:
Իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է 2018 թվականին բանակաշինության ոլորտում կատարված աշխատանքներին, հանձնարարականներ տվել 2019թ․ նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ:
Նախագահ Սահակյանը 2018թ․ աշխատանքները գնահատել է բավարար, ընդգծելով, որ Պաշտպանության բանակը հուսալիորեն իրականացրել է երկրի և ժողովրդի պաշտպանության ու անվտանգության ապահովման իր առաքելությունը, անառիկ է պահել պետության սահմանները, կարևոր ներդրում ունեցել տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման գործում:
Կանգ առնելով 2019թ․ անելիքների վրա, նախագահը շեշտել է, որ դրանց արդյունավետ լուծման համար պահանջվելու է ամենօրյա քրտնաջան ու համակարգված աշխատանք, համոզմունք հայտնել, որ պաշտպանության բանակը, նրա բոլոր ստորաբաժանումները, ինչպես միշտ, կանեն հնարավորը դրված խնդիրների պատշաճ կատարման ուղղությամբ:
«Պետությունն էլ իր հերթին մշտապես առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է պահելու բանակաշինության խնդիրները, մեր զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացումը, զինծառայողների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծումը»,- նշել է Բակո Սահակյանը: