ԱԺ նախագահն ընդգծել է ՀՀ քաղաքացիների ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման համար երկխոսության մեկնարկի կարևորությունը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 23-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Ազգային ժողովի լրատվական ծառայության տեղեկացմամբ, խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման գործում ունեցած դերակատարության համար և պատրաստակամություն հայտնել նպաստելու հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:

Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ մեկնարկած նախաձեռնություններն ու նախանշված ծրագրերը կյանքի կոչելու և արդյունքներ արձանագրելու հարցում նորընտիր Ազգային ժողովը վճռական է:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին` Ազգային ժողովի նախագահը նշել է, որ այն կարևոր պայման է երկրում բարեփոխումներն ու ԵՄ-ի հետ գործընկերությունն ընդհանուր արժեհամակարգի հիման վրա առաջ մղելու համար: Խորհրդարանի ղեկավարն այս հարցում ակնկալել է դեսպանի աջակցությունը:

Օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ հայկական կողմը կարևորում է ՀՀ քաղաքացիների ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման երկխոսության մեկնարկը: «Կարծում եմ, որ սա ևս լուրջ նվաճում կլինի և հարաբերությունները կհասցնի զարգացման նոր մակարդակի»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Եվրոպական միության հետ համագործակցությունն այսուհետ կծավալվի էլ ավելի սերտ՝ ժողովրդավարության խորացման, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության հետ համագործակցության, խորհրդարանի դերի բարձրացման, վերահսկողական գործառույթների, դատական և ընտրական համակարգի բարեփոխումների և այլ ոլորտներում:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, շնորհավորելով Արարատ Միրզոյանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, կարևորել է այն հանգամանքը, որ նա դարձել է ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանի ղեկավար: Դեսպանն ընդգծել է, որ նորընտիր Ազգային ժողովն ունի բոլոր հնարավորությունները Հայաստանի Հանրապետությունում իրական պառլամենտարիզմի կայացման համար: Դեսպանը նաև արժևորել է միջխորհրդարանական կապերի ակտիվացումն ու խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում: Դեսպան Սվիտալսկին Եվրոպական միության պատվիրակության անունից պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն համագործակցել Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ՝ հիմք ընդունելով խորհրդարանի կողմից գնահատված կարիքները: