Արցախը ֆրանսիական հայտնի ամսագրի էջերում

Ֆրանսիական հայտնի պատկերազարդ «GEO» ամսագրի 2018 թվականի դեկտեմբերյան համարում Արցախի Հանրապետության մասին 16 էջանոց լայնածավալ ռեպորտաժ է հրապարակվել: Այս մասին տեղեկացրել է «Արցախպրեսը»։

Պատրիկ Բուաթեի ռեպորտաժն սկսվում է Արցախի գեղատեսիլ բնության նկարագրությամբ, որը ճանապարհորդության հենց սկզբից հայտնվում է նրա առջև` Երևանից մինչև Ստեփանակերտ ճանապարհին: Եվ ստացված տպավորությունների տակ նա մեր տարածաշրջանն անվանել է «բերրի և արևոտ այգի, որտեղ ամեն ինչ աճում է առատությամբ»:

Լրագրողի խոսքով` Արցախը հող է, որն իր մեջ ամբողջացնում է հայ ժողովրդի պատմությունը և հարուստ է իր հին պատմական, մշակութային ու ճարտարապետական հուշարձաններով:

Անդրադառնալով տնտեսական խնդիրներին՝ նա ներկայացրել է տնտեսական զարգացման միջին տարեկան մակարդակը, այն գնահատելով բարձր, և մասնավորապես նշել հանքարդյունաբերության ու էներգետիկայի ոլորտները, որոնք նպաստում են այդ մակարդակին: Հեղինակը անդրադարձել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը` ընդգծելով «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեության կարևորությունը:

Տարածաշրջանի զարգացմանը խոչընդոտող հիմնական գործոններից մեկը Բուաթեն համարել է Ադրբեջանի կողմից շրջափակումը՝ հաշվի առնելով նաև, որ Ստեփանակերտում ժամանակակից օդանավակայան է կառուցվել, սակայն ոչ ուղևորատար, ոչ առևտրային չվերթները չեն կատարվում Ադրբեջանի բաց սպառնալիքների շնորհիվ:

Ադրբեջանը որոշ չափով խոչընդոտում է երկրի գյուղատնտեսության զարգացմանը ևս, մասնավորապես` ԵՄ երկրներին համոզելով չգնել «Made in Artsakh» պիտակավորմամբ ապրանքները:

Ռեպորտաժում ներառված է «Golden Fish» ընկերության գործունեությունը, որը զբաղվում է թառափի բուծմամբ: Ընկերության նպատակն է արտադրել տարեկան 2,5- 4 տոննա սև խավիար: «Սև ոսկու» առաջին խմբաքանակի արտադրությունը նախատեսվում է 2020 թվականին:

Պատրիկ Բուաթեն Արցախի մասին ռեպորտաժում անդրադարձել է նաև ռազմական թեմային: Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս համայնքներ այցելելիս նա տեսել է, որ Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծը գտնվում է բնակավայրերի հարևանությամբ, և հակառակ կողմից հրետակոծություններ հնարավոր են ցանկացած պահի, ինչպես եղավ 2016 թվականի ապրիլին, երբ քառօրյա պատերազմը երկու կողմերում հանգեցրեց 350 մարդու մահվան:

Սակայն, չնայած այս ամենին, Լեռնային Ղարաբաղը շարունակում է գրավել զբոսաշրջիկներին:

«Նրանց մեծ մասը 7 միլիոնանոց հայկական սփյուռքի ներկայացուցիչներ են Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և աշխարհի այլ երկրներից: Եվ ըստ վիճակագրական տվյալների՝ 2000-ին այցելել է 4000 զբոսաշրջիկ: 2017-ին այդ թիվը կազմել է 28 հազար: 5 տարվա ընթացքում նախատեսվում է այդ թիվը հասցնել 50 000-ի»,- նշվում է ռեպորտաժում:

Վերջում Պատրիկ Բուաթեն անդրադառնում է Արցախում ֆրանսերեն լեզվի և ֆրանսիական մշակույթի զարգացմանը և այդ առումով կարևորում Ստեփանակերտում գործող ֆրանկոֆոնիայի ակումբի աշխատանքը:

«Ստեփանակերտում ֆրանսահայկական բարեկամությունն ունի իր «տաճարը»` Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը: Կենտրոնի տարածքում գտնվող այգում տեղադրված է մի մեծանկար, ուր նշված է վայրը, որտեղ ապագայում նախատեսվում է կառուցել հայտնի ֆրանսիացի բանաստեղծ Պոլ Էլուարի անվան կենտրոնը: Մեծանկարի վրա ֆրանսերեն և հայերեն լեզուներով գրված են տողեր նրա «Ազատություն» բանաստեղծությունից»,- ընդհանրացնում է հեղինակը: