ԱԱԾ-ի վերջնագրից հետո աջ ղեկով ավտոմեքենաների տերերը «Բագրատաշեն»-ից ո՞ւր են տանելու իրենց մեքենաները

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչով դիմել է քաղաքացիներին

 Մեր երկրում հասունանում է հերթական սոցիալական դժգոհությունը։ Տուժող կողմն այս անգամ այն անձինք են, որոնք փորձ են արել անձնական օգտագործման կամ վաճառքի (բիզնեսի) նպատակով աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրել Հայաստան, սակայն մաքսակետում դա նրանց չի թույլատրվել։ Ինչպես հայտնի է, աջ ղեկով ավտոմեքենաներ Հայաստան ներկրելու արգելքը 2018թ․ աշնանը չվերացվեց։

Այսօր ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը քաղաքացիներին դիմել է հետևյալ կոչով․

«ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները (հիմնականում աջ ղեկով) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ դժվարություններ։ ՀՀ  Կոչ ենք անում տրանսպորտային միջոցների սեփականատերերին 7-օրյա ժամկետում՝ մինչև հունվարի 31-ը, անցման կետի տարածքից դուրս բերել դրանք, այլապես կենթարկվեն վարչական պատասխանատվության»:

Թե «Բագրատաշեն» անցման կետի տարածքից հիշյալ տրանսպորտային միջոցները դուրս բերելուց հետո, դրանց տերերն ո՞ւր են տանելու այդ ավտոմեքենաները, ԱԱԾ կոչի մեջ, բնականաբար, նշված չէ, սակայն բոլորին էլ պարզ է, որ նրանք այդ մեքենաները Հայաստան չեն կարող բերել, ոչ էլ վերադարձնել Ճապոնիա, որտեղից գնել են։ Միակ տարբերակը, թերևս, Վրաստան վերադառնալն է, այնտեղ ղեկի տեղափոխության խնդիրը լուծելը, բայց դրա համար մոտ 1000 դոլար է անհրաժեշտ։ Բացի այդ, տրանզիտ համարանիշերը որոշակի ու շատ կարճ ժամկետով են տրվում, ու շատ մեծ հարց է, թե այդ մեքենաների տերերն ընդհանրապես կարողանալո՞ւ են երթևեկել Վրաստանով, որպեսզի մեքենան հասցնեն արհեստավորի մոտ ու լուծեն ղեկի տեղափոխության խնդիրը։

Իշխանություններն, իհարկե, կարող են ասել՝ գիտեին, որ Հայաստան աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելված է, թող «դուխով» չբերեին, և այդ առումով նրանց հնարավոր չէ առարկել, սակայն եթե մաքսակետում կուտակված ավտոմեքենաների թվում կան նաև այնպիսիք, որոնք Ճապոնիայից ձեռք են բերվել մինչև հիշյալ արգելքը, սակայն ինչ-ինչ պատճառներով ուշ են հասել մաքսակետ, ապա ՀՀ այդպիսի մեքենաների ներկրումը պետք է թույլատրվի։