Ինչու է Թրամփը սկսել խոսել Ամերիկայի համար ՆԱՏՕ-ի «անպետքության» մասին

ԱՄՆ-ում տեղի է ունեցել զարմանալի իրադարձություն. նախագահ Դոնալդ Թրամփը, չգիտես ինչու, սկսել է խոսել այն մասին, որ իբր «իրեն պետք չէ ՆԱՏՕ-ն»։ Ճիշտ է, ոչ հեռուստախցիկների առջև, այլ «յուրայինների» նեղ շրջանում, բայց մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ «մերձավոր շրջապատում» ասված ամեն ինչ շատ շուտով հայտնվում է թերթերի էջերում։ Այս անգամ էլ ստացվեց ճիշտ նույն պատմությունը։

Սպիտակ տանն ունեցած աղբյուրների վկայակոչմամբ, «New York Times» թերթում օրերս լույս տեսավ  հոդված՝ օգնականների հետ նախագահի այդպիսի հերթական խոսակցության վերլուծությամբ։ Ինչպես միշտ՝ խուճապային ոճով. եթե նման բան տեղի ունենա, ապա արդյունքում կշահի միայն անգլո-սաքսոնների «մղձավանջը»։ Այսինքն՝ Վլադիմիր Պուտինը։ Բուն վերլուծությունը ոչ մի բանի մասին է, այն հանգում է գանգատների՝«աշխարհում խորհրդային և ռուսական ագրեսիայի» դեմ տքնաջան պայքարող ամերիկյան բազմաթիվ նախկին վարչակազմերի 70-ամյա ջանքերի ճակատագրական փլուզման վտանգի առնչությամբ։ Սակայն այդ հարցին արևմտյան մամուլի մշտական անդրադարձի փաստն իսկապես ցուցանշական է։

Եթե նախկինում, մինչև 2018թ. ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովը, Թրամփը հիմնականում քննադատում էր ՆԱՏՕ-ն՝ Արևմուտքի պաշտպանունակության ապահովման հարցում ջանքերի անբավարարության ու ռազմական ծախսերի չնչինության համար, ապա հետո Սպիտակ տան տիրոջ դիրքորոշումը փոքր-ինչ փոխվեց, իսկ փողի վերաբերյալ գանգատները ստացան հերթապահ արձանագրային բնույթ։ ԱՄՆ-ի նախագահին սկզբունքորեն միանգամայն կարելի է հասկանալ։ Կար ժամանակ, երբ Արևմուտքը «աշխատում էր» Վաշինգտոնի օգտին՝ այդ բառի ամենաուղղակի իմաստով։ Եվրոպական երկրների միավորումը օբյեկտիվ հիմնավորվածության երևութականություն էր հաղորդում ամերիկյան արտաքին քաղաքականությանը։ Իբր այդ ԱՄՆ-ը չի ցանկանում ներխուժել Իրաք, այդ ողջ աշխարհն է համամիտ սարսափելի բռնապետի զանգվածային ոչնչացման զենքի պաշարների ոչնչացման անհրաժեշտությանը։ Կամ՝ այդ Միացյալ Նահանգները չի եկել Բալկաններ՝ Կոսովոն ու Մետոխիան օկուպացնելու և պոկելու նպատակով, այդ ողջ աշխարհն է «փրկում ալբանացիներին ցեղասպանությունից»։ Իր հերթին, ճանաչված առաջնորդի դիրքը գերազանց փոխարկվում էր սովորական եկամուտների՝ տնտեսության բոլոր մասնահատվածներում։ Մնում էր միայն հետևել, որ պարարտ նախիրը չգողանան «չար մարդիկ»։ Հսկողության ապահովումը, իհարկե, բավական թանկ էր նստում, բայց ստացվող այլ եկամուտները բազմապատիկ ծածկում էին ծախսերը։

Այդ ժամանակներից ի վեր, իրավիճակը փոխվել է արմատապես։ Արևմտյան ռազմական դաշինքը չկարողացավ իրենով փոխարինել «ՄԱԿ-ի երկնագույն սաղավարտներին», իսկ Եվրոպան արտաքին եկամտի աղբյուրից հետզհետե վերածվեց առևտրական բացասական հաշվեկշռի լուրջ խնդրի։ Իհարկե, Չինաստանի հետ հաշվեմնացորդը շատ ավելի վատ տեսք ունի, սակայն Պեկինը ընդգրկված չէ ՆԱՏՕ-ում, մինչդեռ եվրոպական երկրներն ընդգրկված են, բայց ամերիկյան աշխարհաքաղաքական հզորությունը չեն ավելացնում, այլ ավելի շուտ թուլացնում են։ Ստույգ ասել, թե ինչքան է նստում Պենտագոնի վրա ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքը պահելը, այսօր չի կարող ոչ ոք։ Բայց որոշակի հաշվարկներ անուղղակի նշաններով անել, այնուամենայնիվ, կարելի է։ 2017թ. մայիսին Թրամփը Անգելա Մերկելին պաշտոնապես ներկայացրեց նախահաշիվ, որից հետևում էր, որ  «պաշտպանության համար» Գերմանիան պարտք է 374 մլրդ դոլար։ Իսկ, ընդհանրապես, ՆԱՏՕ-ի նպատակների համար 2016 թվականին ԱՄՆ-ը, տարբեր տվյալներով, ծախսել է 664 մլրդ դոլար կազմող իր պաշտոնական ռազմական բյուջեի (ինչն առնվազն երկու անգամ գերազանցում է 27 եվրոպական դաշնակիցների համանման ծախսերի հանրագումարը) մինչև 1/3-ը։ Նրբերանգն այն է, որ 20-րդ դարի 60-70-ականներին և նույնիսկ 80-ականներին դաշինքը պահելու համար ծախսելով ազգային ՀՆԱ-ի 1%-ը, ԱՄՆ-ը փոխարենը ստանում էր ոչ միայն Եվրոպայի հաշվին լավ վաստակելու հնարավորություն, այլև մատչելի ռազմական ուժի գրեթե կրկնապատկում։

«Եվրոպայում ԽՍՀՄ-ի հետ պատերազմի դեպքում» ԱՄՆ-ը պարտավոր էր հատկացնել 1,6 մլն զինվորներ ու սպաներ, իսկ մյուս դաշնակիցները տալիս էին ևս 1,4 մլն «սվիններ», ինչպես նաև տանկերի, հրանոթների և մարտական ինքնաթիռների ամերիկյանին գործնականում հավասար քանակ։

Այսօր պրակտիկան ցույց է տալիս, որ աջակցելով ՆԱՏՕ-ին, դաշնակիցները լիովին ապավինում են միայն ամերիկյան զորքերին։ Ընդ որում, բոլորը՝ սկսած սեփական բանակ գործնականում չունեցող  բացարձակ անօգուտ «էստոնիաներից» կամ «իսլանդիաներից», մինչև ռազմական առումով ահեղ Բեռլինը, Փարիզը և Լոնդոնը։ Օրինակ, գերմանական Բունդեսվերի բանակի թվաքանակը 2018թ․ կրճատվել է մինչև 180 հազար մարդու, որոնցից անմիջականորեն մարտական զորամասերում է 40 000-ից ոչ ավելին։ Բրիտանական բանակը հարկ եղած դեպքում կարող է առաջնագիծ ուղարկել առավելագույնը 30 հազար զինվոր ու սպա։ Բարձր պատրաստականության կորպուսների ծավալման ողջ գեղեցիկ ծրագրերով հանդերձ, դաշնակիցներն անցած տարվա դեկտեմբերին ընդհանուր ջանքերով կարողացան կազմել ընդամենը մեկ գումարտակ։

2008 թվականից հետո Արևմուտքն ամեն տեսակի «սպառնալիքներ» «արտադրել է» մեծ քանակությամբ․ Ղրիմը վերամիավորվել է Ռուսաստանին, Ռուսաստանը վերականգնել է գրեթե բացարձակ վերահսկողություն Սև ծովի ավազանի նկատմամբ, ընդհուպ մինչև թուրքական նեղուցներ։ Ուկրաինայի պարագայում առաջացել է մեծ «սև խոռոչ»։ Անհրաժեշտության դեպքում ռուսաստանյան զորքերը հեշտությամբ կանցնեն դրա տարածքի միջով և առավելագույնը երեք շաբաթ անց կհայտնվեն Վիեննայից 400 կմ հեռավորության վրա։ Չենք խոսում արդեն Մերձբալթիկայի կողմից ստեղծվող մշտակա «պաշտպանական խնդրի» մասին։

Պետք է ընդունել Թրամփի իրավացիությունը. անդիմակայելի մարտահրավերների առկայությունը, վերջին հաշվով, միայն թուլացնում է ԱՄՆ-ին։ Տեսականորեն ենթադրենք ռուսաստանյան ռազմական ներխուժում, ասենք, Հունգարիա. և ի՞նչ․․․ Ինչպե՞ս պետք է դրան արձագանքի Վաշինգտոնը։ Պայթեցնի աշխարհը միջուկային զենքո՞վ․․․ Իսկ եթե պատասխանե՞ն․․․ Բացի այդ, պահանջվում է հաշվի առնել նաև Չինաստանի գործոնը։ ՉԺՀ-ի հետ տնտեսական դիմակայությունն, այնուհանդերձ, ԱՄՆ-ին ապագայում, թերևս, մղելու է կոշտ բախման։ Այնպես որ, ունեցած ռազմական ուժերը մինչև ներկա դարակես (իսկ գուցեև մինչև առաջիկա տասնամյակ) ԱՄՆ-ին հեռանկարում պետք կգան Խաղաղ օվկիանոսում, որտեղ ՆԱՏՕ-ն, ընդհանրապես, ոչ մի բանով չի կարող օգնել։ Այստեղից էլ կողասրահներում Թրամփի տված բավական տրամաբանական հարցը՝ իսկ պե՞տք է, արդյոք, ԱՄՆ-ին այսուհետ էլ պահպանել անդամակցումը ՆԱՏՕ-ին։

Ռուս զինվորականները վերջերս ակներևաբար ցուցադրեցին Արևմուտքի ՀՀՊ դիրքային շրջանները շրջանցելու կարողություն, այդպիսով դրանք ինքնաբերաբար դարձնելով գրեթե անօգուտ։ Ստիպել դաշնակիցներին ավելացնել ռազմական ծախսերը՝ ամերիկյան զինատեսակների ավելի մեծաքանակ գնումների տեսքով յուրօրինակ ռազմական հարկ հավաքելու նպատակով, չստացվեց։ Եվ գնալով ավելի անիրական են դառնում ինչ-որ կերպ նրանց տեղից շարժելու հնարավորությունները։ Չեն գործում նույնիսկ անմիջական հրապարակային կոչերը, ինչպես Գերմանիայում ամերիկյան դեսպանի նամակի հետ կապված պատմության պարագայում։

Այլ կերպ ասած, Եվրոպան ակնհայտորեն դուրս է սպրդում։ Նրա հանդեպ հսկողության պահպանումը գնալով ավելի է բարդանում։ Իսկ ամենագլխավորը՝ ՆԱՏՕ-ի վրա արվող ծախսերը չեն թեթևացնում խնդիրը։ Մինչդեռ, ՆԱՏՕ-ի վրա ծախսվող տարեկան 200 մլրդ դոլարի համար «ավելի արդյունավետ կիրառում գտնել» ցանկացողներն ԱՄՆ-ում արդեն վաղուց երկար հերթ են կանգնած։ Եվ եթե Միացյալ Նահանգներին դաշինքն օգուտ չի բերում, ապա ինչո՞ւ շարունակել մնալ դրա կազմում։ Հասկանալի է, թե ինչու է քննարկումն ընթանում միայն կողասրահներում. ՆԱՏՕ-ն լոկ Թրամփի համար է իրենից ներկայացնում պարզապես գործառնական խորանարդիկ՝ ԱՄՆ-ի իշխանության աշխարհաքաղաքական կառուցվածքի կազմակերպման մեծ աղյուսաշար սխեմայում, որից անհրաժեշտության դեպքում կարելի է հրաժարվել։ Հասկանալի է նաև, որ այժմ Վաշինգտոնից հնչեցվող շատ բաներ Թրամփի և դեմոկրատների միջև ընթացող «շաթդաունի» դրսևորումն են։ Եվ, այնուհանդերձ, Թրամփն արդյոք կատակո՞ւմ է ՆԱՏՕ-ի առնչությամբ, թե՞ հարմար պահ փնտրում։ Կիմանանք հետագայում, չէ՞ որ 2000-ական թվականների սկզբին էլ ԱՄՆ-ի հետախուզական հանրությունը կանխատեսում էր ՆԱՏՕ-ի վերացում, և նույնիսկէ ԵՄ-ի։

 

Սերգեյ Շաքարյանց