Իշեմիկ կաթվածով հիվանդները բուժում կստանան պետպատվերի շրջանակներում

Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել քննարկում՝ «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման» ծրագրի մեկնարկի կապակցությամբ: Նախարարության տեղեկացմամբ, հանդիպմանը մասնակցել են «Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան» հիմնադրամի, «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները, մարզպետարանների առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների աշխատակիցները, Երևանի շտապ բուժօգնության ծառայության տնօրենը, նյարդաբանության և նյարդավիրաբուժության գծով ԱՆ խորհրդատուները, ինչպես նաև առողջապահության նախարարության մասնագետները:

ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը նշել է, որ սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագիրը կմեկնարկի փետրվարի 1-ից, որի շրջանակներում տարեկան շուրջ 250 հիվանդ հնարավորություն կստանա բուժում ստանալ պետական պատվերով: Նա նաև շեշտել է, որ ծրագիրն առողջապահության նախարարի ամենօրյա հսկողության տակ է գտնվում և հաջող մեկնարկի համար կարևոր է շահագրգիռ կողմերի ներդաշնակ համագործակցությունը: