Համագործակցության հրավեր

Հաղթահարենք մտավոր մակերեսայնությունը

Հայկական պետականության կորստից հետո հայտնվելով բիրտ օտարի գերիշխանության ներքո, հայ ժողովուրդը տևական ժամանակով զրկվեց քաղաքական-պետական հարցերով զբաղվելու հնարավորությունից: Դրա հետևանքով նրա մոտ էականորեն թուլացավ քաղաքական մտածողության կարողությունը, սեփական կյանքը համակարգայնացված կերպով կազմակերպելու կարելիությունը, և 20-րդ դարավերջին ունենալով անկախ պետություն ստեղծելու հնարավորություն, հայտնվեց բարդ իրավիճակում․ անփորձության պատճառով նրա համար անչափ դժվար է իրականացնել քաղաքական խորքային վերլուծություններ, գտնել իրականության խճողված լինելու իրական պատճառները, հասկանալ, թե ինչ է կատարվում իր հետ և ինչու, ապա մշակել իրականության վերափոխման քայլերի համակարգ: Նման դեպքում տեղապտույտը և անկումն անխուսափելի են, եթե անգամ պարբերաբար իշխանափոխություններ լինեն։

Մեր ժողովրդի քաղաքականապես համակարգայնացված մտածելու հարցում ունեցած խնդիրն առաջին անգամ ի հայտ եկավ 20-րդ դարի սկզբներին, երբ կառավարման արդյունավետ համակարգ կառուցելու փոխարեն, ունեցանք քաոս, ինչը բառի բուն իմաստով խժռեց Առաջին հանրապետությունը (տես՝ Ա.Պեպանյան, «Կոնսերվատիվ հեղափոխություն», Երևան, 2007 թ․):
Բարեբախտաբար, այս խնդիրն այն ժամանակ գրավել է մի խումբ մտածողների ուշադրությունը, և բացը լրացնելու ուղղությամբ որոշ աշխատանքներ արվել են: Նրանցից փիլիսոփայության դոկտոր Հայկ Ասատրյանը նախ նկատել է՝  «Վերագնահատելով մեր անցյալը` պիտի խոստովանենք, որ ենթակայական մեր անթիվ մեղքերը սրվեցին, դարձան անհաղթելի չարիք նաև այն պատճառով, որ մեր կյանքի ու գործի մեջ գիտականություն չմտցրինք: …Ցայսօր էլ սրբագրումի փորձ չարեցինք, և հետևանքն ա՛յն եղավ, որ հոգևոր ծուլությամբ պայմանավորված՝ մտավոր մակերեսայնությունն ահա՛, խեղդում է մեզ: Այսօր, մեր կյանքի ո՛ր կողմն էլ վերցնենք` գիտականության փոխարեն հանդիպում ենք բանդագուշանքի, մտածումի փոխարեն` հույզի, ձևի փոխարեն` քաոսի, կազմակերպության փոխարեն` անկանոնության»:

Հայկ Ասատրյանի մատնանշած մտավոր մակերեսայնությունն այսօր էլ շարունակում է խեղդել մեզ,  ու մեր քաղաքական դաշտը իրականության քաոսային լինելու խորքային պատճառները վեր հանելու, դրանք հաղթահարելու ունակ ծրագիր առաջարկելու փոխարեն, երեսուն տարի է, ժողովրդին հրամցնում է պարզունակ թեզեր: Իսկ ահա Հայկ Ասատրյանը վեր հանելով խնդիրը, նաև առաջարկել է այն շտկելուն ուղղված քայլեր: «Տարոնի արծիվ» հանդեսում (1939թ.) նա առաջարկել է․
«….ամենից առաջ պիտի ջանանք դարմանել այս թերիները, այսինքն` վերացնել ա՛յն պատճառները, որոնք մեզ պահում էին մտավոր մակերեսայնության շրջագծում:

Դրա համար հոգեփոխության փորձերին զուգահեռ, մենք պիտի կատարենք հորինվածական (համակարգային․- Ա․Պ․) աշխատանք, ճգնելով իրականացնել հետևյալ առաջադրությունները.

ա) Հորինվածի (համակարգի․-Ա․Պ․) վերածել հայ մտածման արդյունքները, այսինքն` ցուցահանել հայ փիլիսոփայության գծերը, մշակել նրա պատմության և ներածության տարրերը: Ուսումնասիրել նաև այժմյա հայ կյանքի հոգևոր խմորումները և վերլուծել որոշ աշխարհայեցողություն ունեցող հայ հոսանքների գաղափարաբանությունը:

բ) Լույս սփռել հայոց հոգեբանական առանձնահատկությունների վրա, միջոցներ առաջարկել մեր հոգեբանական թերիները սրբագրելու և առավելությունները համացեղային ստեղծագործ կորովի խթանն ու խարիսխը դարձնելու: Հոգեբանորեն կազմակերպել մեր ցեղի ինքնապաշտպանության և վերափրկումի գործը:

գ) Մշակել հայոց պատմության փիլիսոփայությունը: Գիտական ուսումնասիրության նյութ դարձնել մեր պատմական կյանքի միջավայրը՝ Հայկական Բարձրավանդակը՝ իր բնական, աշխարհագրական, ցեղագրական, մարդաբանական, տնտեսական, կրոնական և այլ առանձնահատկություններով:

դ) Լույս սփռել հայոց պատմական կյանքի, ընկերաբանական կառույցի և սրա հոլովույթների վրա: Արժեքավորել մեր կյանքի հնագույն և նորագույն հեղափոխությունները, գտնել կամ որոնել մեր պատմ. կյանքի զարգացման տրամաբանական կապն ու տարերային ցնցումների շղթայակցությունը, ինչպես նաև` մատնանշել մեր քաղաքական-հասարակական վերածնության ուղիներն ու կարելիությունները:

…Մեզ մնում է… արմատախլել հոգևոր ծուլության և մտավոր  մակերեսայնության չարիքները, լծվել հայ իմաստասիրության շենքը վերա — և նորա — կառուցելու աշխատանքին»:

Ցավոք, Հայկ Ասատրյանն և նրա խոհակիցները չունեցան կարևոր այս նախաձեռնությունը շարունակելու հնարավորություն, քանի որ 1944-ին ձերբակալվեցին խորհրդային հատուկ ծառայությունների կողմից: Սփյուռքում նրանց գործը շարունակողներ չգտնվեցին, դե, իսկ Խորհրդային Հայաստանում ազգային խնդրականների մասին խոսելն անվտանգ չէր առողջության համար: Ու այդպես մենք հասանք Երրորդ հանրապետությանը՝ անինքնաճանաչ, համակարգային քաղաքական մտածողությանն անվարժ, համակարգ կառուցելուն ու գործարկելուն անտեղյակ, քաղաքական խորքային երևույթները նկատելուն անընդունակ: Եվ արդյունքում՝ Երրորդ հանրապետության քաղաքական միտքն այդպես էլ իր առջև նպատակ չդրեց «արմատախլել հոգևոր ծուլության և մտավոր մակերեսայնության չարիքները», ու շարունակեց մնալ իրականության խնդիրներից կտրված ու իրականությանն անհաղորդ:  Եվ եթե այսօր դիմենք մեր քաղաքական ակտիվին ու խնդրենք պատասխանել հետևյալ հարցերին՝

1) որո՞նք էին մարտյան Հայաստանի անցանկալի վիճակի առաջացման իրական՝ խորքային պատճառները,

2) որպիսի՞ն էր այդ պատճառների բացասական արդյունարար հանրագումարը, որը որոշում էր իրականությունը,

3) քայլերի ի՞նչ համակարգով է հնարավոր հաղթահարել այդ պատճառների բացասական արդյունարար հանրագումարը, ապա պատասխանը կլինի խոր լռությունը: Իսկ դա նշանակում է, որ եթե մեր քաղաքական դաշտը շարունակի մնալ մտածումային ներկայիս մակարդակի վրա, ապա խորքային բացասական երևույթները շարունակելու են իրենց սև գործը, և հետզհետե վերականգնվելու է մարտյան Հայաստանի իրականությունը:

Տխուր այդ հեռանկարից խուսափելու մի տարբերակ կա. շարունակել Հայկ Ասատրյանի և նրա խոհակիցների կիսատ մնացած գործը: Եվ Livenews.am կայքը հանդես է գալիս քննարկումների շարք սկսելու նախաձեռնությամբ («Վերելք» հաղորդաշարի, կայքի էջերի տրամադրման, նաև ակումբային հանդիպումների միջոցով)՝ նպատակ ունենալով համատեղ ուժերով հստակեցնել վերը նշված ա-դ կետերում ընդգրկված անելիքները և ապա «մատնանշել մեր քաղաքական-հասարակական վերածնության ուղիներն ու կարելիությունները»:
Ակնկալում ենք տեղյակ մասնագետների աջակցությունը երկրի համար կարևոր այս խնդրի լուծման գործին: Եվ ինչպես Հայկ Ասատրյանն էր նկատում, համակարգային այս աշխատանքով մենք ձգտում ենք ո՛չ թե մեր «արվեստ»-ն ու «մշակույթ»-ը շքեղազարդելու, այլ մեր կյանքի խռովքը ստեղծագործ ուժի վերածելու նպատակին:

 

Շահագրգիռ անձինք կարող են գրել հետևյալ հասցեներով`

[email protected]
https://www.facebook.com/a.pepanyan

[email protected]

 

Արծրուն Պեպանյան