Բացահայտվել է ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձի օժանդակությամբ կազմակերպված հանցավոր մեխանիզմ (տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մաքսային իրավահարաբերությունների ոլորտի նկատմամբ իր վերահսկողական գործառույթների շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է տնտեսվարողների կողմից առանց համապատասխան հայտարարագրման ապրանքների ներկրման նպատակով կազմակերպված և տևական ժամանակ կիրառվող մեխանիզմ:

Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԱԾ-ից, նախնական տվյալների համաձայն, ՀՀ մի շարք քաղաքացիներ Վրաստանից, Թուրքիայից, ինչպես նաև այլ երկրներից ձեռք բերված խոշոր խմբաքանակներով բեռները (միրգ-բանջարեղեն, հագուստեղեն, կենցաղային ապրանքներ, ավտոյուղեր և այլն) առևտրային նպատակներով տեղափոխել են հայ-վրացական սահմանի մոտ, կուտակել վրացական Սադախլո գյուղի տարբեր տներում կամ սահմանի չեզոք գոտում, այնուհետև մաս-մաս հայտարարագրելով որպես ֆիզիկական անձանց թույլատրելի չափաքանակով ուղեկցող բեռ, բազմաթիվ անգամներով «Բագրատաշեն» հսկիչ անցագրային կետով ներկրել են Հայաստան՝ չվճարելով մաքսազերծման համար նախատեսված հարկերն ու տուրքերը:
Հատկանշական է, որ ապրանքները մաքսակետի տարածքում տեղակայված ՀՀ ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայության լաբորատորիայի կողմից պատշաճ ընթացակարգով և ամբողջական ծավալով կարանտին փորձաքննության չեն ենթարկվել:
Վերոհիշյալ գործընթացի կանխման նպատակով իրականացված տևական և լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2019թ․ հունվարի 15-ին կանխվել է վերը նկարագրված եղանակով ապրանքների ներկրման հերթական դեպքը, որի արդյունքում հայտնաբերվել է Ալավերդի քաղաքի բնակչի կողմից մեկ օրվա ընթացքում տարբեր անձանց ավտոմեքենաներով տեղափոխված ավելի քան 1 տոննա միրգ-բանջարեղենը:
Նախնական տվյալների համաձայն, բեռների ապօրինի տեղափոխումը նշված տնտեսվարողին հաջողվել է իրականացնել ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության «Բագրատաշեն» մաքսակետ բաժնի գլխավոր մաքսային տեսուչին կաշառք տալու միջոցով:
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Մեղադրանք է առաջադրվել մաքսային ծառայության աշխատակցին և բեռների տեղափոխումը կազմակերպած անձին, նրանք կալանավորվել են:
Միջոցներ են ձեռնարկվում՝ նախկինում տեղափոխված ապրանքների ամբողջական ծավալը պարզելու, ինչպես նաև հանցավոր մեխանիզմում հնարավոր ներգրավված այլ անձանց բացահայտելու ուղղությամբ: