«varks.am»-ի մասնաճյուղերում կատարված ավազակություն ու կողոպուտներ կատարած երիտասարդը բացահայտվել ու ձերբակալվել է

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները համագործակցելով ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են հունվարի 21-ին Քանաքեռցու փողոցում գտնվող վարկային կազմակերպությունում ավազակություն կատարած և 1 188 000 դրամ հափշտակած անձի ինքնությունը։

Տեղեկացնելով այս մասին, ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ նույն օրը Երևանի Աբովյան փողոցում ոստիկանները հայտնաբերել են Ադամ Բաղդասարյանին ու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Հիմնավորվել է, որ մայրաքաղաքում ապրող, 29-ամյա Բաղդասարյանը հունվարի 5-ին կողոպուտ է կատարել նաև Հալաբյան փողոցում գտնվող նույն վարկային կազմակերպությունում՝ հափշտակելով մոտ 1 500 000 դրամ, իսկ հունվարի 14-ին կողոպուտ է կատարել դարձյալ նույն վարկային կազմակերպության Դավիթաշենում գտնվող մասնաճյուղում՝ այս դեպքում հափշտակելով մոտ 1 800 000 դրամ։
Ադամ Բաղդասարյանին ոստիկանները ներկայացրել են նախաքննական մարմնին, որտեղ նա ձերբակալվել է։
Դեպքի հանգամանքները պարզվում են։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: