Երևանյան փողոցներում վերջապես կհայտնվեն բազմաֆունկցիոնալ մաքրող մեքենաներ

Մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար, Երևանի քաղաքապետարանը 9 նոր հատուկ տեխնիկա է ձեռք բերել: Տեղեկացնելով այս մասին, Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը հայտնել է, որ նոր տեխնիկան միաժամանակ մի քանի գործողություն է իրականացնում: Ձնամաքրումից բացի, նոր տեխնիկան նախատեսված է նաև աղ և ավազ ցանելու համար: Տարվա տաք եղանակներին դրանք կարող են ծառայել որպես ջրցան մեքենաներ, ապահովելով երևանյան փողոցների մաքրությունը:

Մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «ԿամԱԶ» ընկերությունը:

Մեքենաներն ունեն ժամանակակից «Եվրո 5» չափորոշիչի շարժիչներ, որոնք կրճատում են վնասակար արտանետումները: Հատուկ տեխնիկան ունի նաև ավտոմատ կառավարման ռեժիմներ:
Մայրաքաղաքի սանիտարական մաքրմամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը վերջին ժամանակներս տարբեր պատճառներով իր գործառույթները բավարար չի իրականացնում, որոնցից մեկն էլ մեքենաների անսարք լինելն է: Երաշխավորված սանմաքրում ունենալու համար քաղաքը ձեռք է բերել իր սեփական տեխնիկան: Վերջին 25 տարում, ի դեպ, Երևանի քաղաքապետարանն առաջին անգամ է աղբահանության և սանմաքրման իր սեփական հավաքակայանն ունենում:
«Սա սկիզբն է և փոքր մասն է այն տեխնիկայի, որը ձեռք ենք բերելու,- նշել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:- Առաջիկայում համայնքը կունենա նաև աղբահանության համար նախատեսված իր տեխնիկան: Հետագայում կլինի երկու կամ երեք օպերատոր, հաշվի առնելով նաև միջազգային փորձը, դրանցից մեկը նաև կարող է լինել հենց Երևան համայնքը: Բանակցություններն արդեն ընթանում են, որոնց արդյունքում տարվա ընթացքում համայնքը ևս կդառնա օպերատոր»։
Մաքրություն՝ ողջ տարվա ընթացքում. այս կարգախոսով առաջնորդվելով էլ հատուկ տեխնիկան շուտով կհայտնվի երևանյան փողոցներում: