ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի պաշտոնական դիրքորոշումը մնում է անփոփոխ․ Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցչի հետ

Հունվարի 21-ին տեղի է  ունեցել Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը Իրանի ԱԳՆ Եվրասիայի գլխավոր վարչության պետ Ղոլամռեզա Բաղերի Մողադամի հետ:

Տեղեկացնելով այս մասին, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ուրվագծելով երկու երկրների միջև քաղաքական և առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:

ՀՀ դեսպանը և ԻԻՀ ԱԳՆ Եվրասիայի գլխավոր վարչության պետը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների շուրջ: ՀՀ դեսպան Թումանյանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները, ՀՀ մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչն անդրադառնալով ԼՂ հակամարտության վերաբերյալ վերջերս զանգվածային լրատվամիջոցներում Իրանի Գլխավոր շտաբի պետին վերագրվող հայտարարությանը, վերահաստատել է, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի պաշտոնական դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԻԻՀ-ն շարունակում զորակցել հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին: