Եվրամիությունը կրկնում է ԽՍՀՄ անցած ուղին

Եվրոպական երկրների ազգայնական ուժերը տարիներ շարունակ հանդես էին գալիս Եվրամիության տրոհման ու ազգային պետությունների ստեղծման կարգախոսներով: Սակայն, կանխազգալով Միության կտրուկ փլուզման և ԵՄ երկրների միջև տասնամյակներ շարունակ ձևավորված բազմաբնույթ կապերի խախտման հետևանքով սպասվող տնտեսական, քաղաքական, ժողովրդագրական ու այլ բնույթի ճգնաժամային զարգացումները, նրանք այժմ արդեն խնդրի նկատմամբ ցուցաբերում են ավելի մեղմ ու էվոլյուցիոն մոտեցում, ըստ ամենայնի, ընդունելով «անցումային փուլի» անհրաժեշտության գաղափարը, ինչի արդյունքում ծնվեց «Եվրոպական ազգերի միության» կամ «Ազգերի Եվրոպայի» նախագիծը:

Ինքը՝ Մարին Լե Պենը, այս քաղաքական տրանսֆորմացիան բացատրում է նրանով, որ նախկինում ազգային ինքնորոշման վերականգնման և ազգային արժեքների պահպանման դիրքերից գործող ազգայնական ուժերն իրենց հաջողությունը տեսնում էին միայն ԵՄ-ի կազմից դուրս գալու մեջ, իսկ այժմ հնարավորություն է ստեղծվել ԵՄ-ը ներսից արմատական փոփոխությունների ենթարկելու: Հենց այս գաղափարի շուրջ հնարավոր դարձավ եվրոպական տարբեր երկրների ազգայնական ուժերի գաղափարական եթե ոչ միավորումը, ապա առնվազն համագործակցությունը: Գաղափարին իրենց աջակցությունն են հայտնել Իտալիայում, Ավստրիայում, Հունգարիայում և այլ երկրներում:

Առաջադրելով «Ազգերի Եվրոպայի» նախագիծը, Լե Պենը վստահեցնում է, որ Եվրամիության ներկայիս քաղաքական նախագծին այլընտրանք պետք է հանդիսանա եվրոպական աշխարհամասում իրավահավասար եվրոպական ազգերի միության ստեղծման նախագիծը, որը հիմնված կլինի եվրոպական ընդհանուր մշակույթի, քաղաքակրթության, ավանդույթների ու արժեքների վրա: Նա հայտարարել է, որ «Մեր Եվրոպան դա կենդանի Եվրոպան է, որն իր հայացքն ուղղում է հեռավոր Աթենքին ու Հռոմին, հիշում է իր քրիստոնեական արմատները, Լուսավորչության դարն ու բազմադարյա պատմությունը, որոնցից նա քաղում է իր քաղաքակրթական արժեքները»:

Որպես հիմնական ծրագրային դրույթներից մեկը, Լե Պենը հավելել է․ «Եվրամիության դեմ ազգերի պայքարը դա պայքար է անկախության համար: Հատկապես ազգերը կվերականգնեն ու կփրկեն Եվրոպան»: Ինչ խոսք, գեղեցիկ է հնչում: Այն հատկապես գայթակղիչ է Եվրոխորհրդարանի ընտրությունների նախօրեին, որին եվրոպացին ընտրելու է գնալու Եվրամիության ղեկավարության ապաշնորհ քաղաքականությունից հոգնած ու ձանձրացած:

Արդյոք ինչ-որ առումով «Ազգերի Եվրոպան» չի՞ հիշեցնում «Անկախ պետությունների համագործակցություն» հետխորհրդային կառույցը, որը փոխարինելու եկավ միակենտրոն կառավարվող ԽՍՀՄ-ին, և որն ազգային շահերի բախման և արտաքին կողմնորոշումների տարբերությունների հետևանքով աստիճանաբար սկսեց նոսրանալ: Սակայն, բոլորիս հիշողության մեջ դեռ թարմ է այն ամենը, ինչով ուղեկցվեց ԽՍՀՄ փլուզումը: Արդյոք նույնը սպասվո՞ւմ է նաև Եվրոպային: Ըստ երևույթին, դա է պատմական անհրաժեշտությունը և անխուսափելիությունը. պետությունների խոշոր միավորումներից դեպի ազգային պետություններ անցման ընթացքում ժամանակավոր միջպետական կառույցների ստեղծումը՝ հետագայում այլ ձևաչափով և այլ սկզբունքներով միավորվելու համար:

 

Լևոն Անդրիասյան