Ընտրություններ գազամուղների խորապատկերի վրա

Եվրամիությունում ներկայումս նկատվող եվրոհոռետեսական, անջատողական ու կենտրոնախույս գործընթացների հիմքում շատերը հիմնաքարային են համարում ու ներկայացնում եվրոպական երկրների միջև անհամաձայնություն սերմանող միգրացիոն քաղաքականության շուրջ առկա տարաձայնությունները:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ եվրոպական քաղաքականության հարցում 2019թ. Հունգարիայի առաջնահերթությունը լինելու է այն, որ միգրացիոն հոսքերին խոչընդոտող ուժերը մեծամասնություն ստանան Եվրոպական խորհրդարանում, Եվրոպական հանձնաժողովում, ինչպես նաև Եվրոպայի խորհրդում։

Միգրանտների հիմնախնդիրն, անշուշտ, շատ կարևոր ու մտահոգիչ է եվրոպական երկրների համար, որի մասին բարձրաձայնում են, առաջին հերթին, ազգայնական ուժերը, սակայն պակաս կարևոր չէ (հատկապես իշխող վերնախավերի համար) կառուցվող գազամուղներում իրենց երկրների տարածքների լոգիստիկ հնարավորությունների տրամադրումն ու, հետևաբար, դրանից ակնկալվող իրեղեն ու ֆինանսական հոսքերի ապահովումը, ինչի մասին խոսվում է կիսաձայն կամ շշուկով: Սրան լրջագույն խոչընդոտ է հանդիսանում Եվրոպական միությունը, որն ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցային քաղաքականությանն իր աջակցությամբ եվրոպական առանձին երկրներին հնարավորություն չի տալիս (կամ առնվազն սահմանափակում է) ինքնուրույն արտաքին քաղաքական վարք ցուցաբերել:

Իր հերթին, դեպի Եվրոպա ուղղվող գազամուղների կառուցումը նախաձեռնած և շինարարական աշխատանքները լայն թափով ծավալած Ռուսաստանը («Հյուսիսային հոսք», «Թուրքական հոսք») տարբեր ակնարկներ է անում այդ գազամուղների հավանական ճյուղավորումների մասին: Մասնավորապես, օրեր առաջ Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը, Թուրքիայի սահմաններից դուրս «Թուրքական հոսք» գազամուղի շարունակություն տեսնելով Բուլղարիա-Սերբիա-Հունգարիա երթուղին, իր հարցազրույցներից մեկում նշել էր․ «Մենք ենթադրում ենք, որ ռուսական գազի մեջ շահագրգռված ԵՄ անդամ-երկրները պետք է Եվրամիությունից երաշխիքներ ստանան, որ «Թուրքական հոսքի» շարունակման նախագծերը չեն կասեցվի Բրյուսելի կամայական քաղաքական որոշմամբ»։ Հիշեցնենք, որ այս գազամուղի նախագծման փուլում որպես ռուսական գազի հավանական սպառողներ անորոշ կերպով նշվում էին Հարավային ու Հարավ-արևելյան Եվրոպայի երկրները, ավելի ուշ խոսքը որոշակիություն ստացավ նաև Սլովակիայի, Հունաստանի և այլ երկրների առումով: Մինչ այդ, «Թուրքական հոսքին» մասնակից լինելու հույս էր հայտնել Բոսնիայի և Հերցեգովինայի նախագահության նախագահ Մ. Դոդիկը՝ նշելով, որ «իրենք արդեն իսկ նախապատրաստել են բոլոր անհրաժեշտ նախագծային փաստաթղթերը»:

Ավելին․ Բելգրադում Սերբիայի նախագահ Ա. Վուչիչի հետ հանդիպան ընթացքում Վ. Պուտինը պատրաստակամություն է հայտնել էլ ավելի ընդլայնելու գազամուղի տարածման աշխարհագրությունը և հավելել․ «Փաստացի մենք այդ աշխատանքները նախապատրաստել ու գործնականում սկսել ենք: Սակայն, վերջին հաշվով, ամեն ինչ կախված է այլ երկրներից, այդ թվում՝ Եվրամիության, թե որքանով նրանք ունակ կլինեն պաշտպանելու իրենց ինքնիշխան ազգային շահերը եվրոպական կառույցների հետ երկխոսության ընթացքում»: Ասվածն ավելի քան բացահայտ է. Ռուսաստանն ուզում է աշխատել առանձին ազգային պետությունների հետ՝ միգուցե ապագայում նաև սեփական ինտեգրացիոն կառույցների մեջ նրանց ընդգրկման հեռանկարով:

Իսկ եվրոպական մի շարք երկրներ, որոնք Եվրամիությունից արդեն ստացել են ակնկալվողը, այժմ Եվրամիության հետ կապված հեռանկար չտեսնելով, կարծում եմ, փորձելու են շարունակությունը ստանալ Ռուսաստանից:

Կարելի է ենթադրել նաև, որ եվրոազգայնական ուժերի ակտիվացումն ու Եվրամիության տրոհմանն ուղղված նրանց ջանքերը մանրակրկիտ կերպով ու խիստ հանգամանորեն հաշվարկվել, եթե չասենք ծրագրվել էին անգլո-ամերիկյան քաղտեխնոլոգիական կառույցների կողմից, որոնց գործողությունները միտված են Եվրամիության փլուզմանը: Ընդհանրապես, անգլո-ամերիկյան տանդեմը երբևէ չի հանդուրժել այնպիսի ինտեգրացիոն կառույցների ձևավորումը, որոնցում նա կարող է մասնակցություն չունենալ կամ, թեկուզ, չկատարել կառավարչի գործառույթներ:

Ստացվում է, որ Եվրոպական խորհրդարանի գալիք ընտրություններում ազգայնական ուժերի հաղթանակում շահագրգռված են թե՛ բուն եվրոպական երկրները (ազգայնական ուժերն ու, հավանաբար, հասարակությունները), թե՛ Ռուսաստանը, թե՛ Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ը, իսկ որոշ եվրոպական երկրների քաղաքական վերնախավերն ու Եվրամիության վարչակազմը հայտնվում են միայնության ու լքվածության կարգավիճակում:

 

Լևոն Անդրիասյան