Թբիլիսին հայտարարել է, որ Վրաստանը կպահպանի իր տարանցիկ դերը ՌԴ-ից Հայաստան գազի մատակարարումներում

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն նշել է, որ Վրաստանն էական շահ է ստանում դեպի Հայաստան գազի տարանցման գործառույթի կատարումից։

Վրաստանը մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանից Հայաստան գազի տարանցումն իրականացնողի դերից։ Այս մասին հունվարի 18-ին  Թբիլիսիում լրագրողներին հայտարարել է վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կվերանայվի՞ Վրաստանի միջով ՌԴ-ից Հայաստան գազի մատակարարումների վերաբերյալ  տարանցումային համաձայնագիրը ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության հետ (համաձայնագրի ժամկետը լրացել է 2018թ․ դեկտեմբերի 31-ին)։

«Վրաստանը բավական էական շահ է ստանում տարանցման գործառույթից, և մենք կշարունակենք այն կատարել,- ասել է Բախտաձեն։- Դա բխում է մեր երկրի շահերից։ Ինչ վերաբերում է համաձայնագրին, ապա դրա շուրջ բանակցությունները («Գազպրոմի հետ») կսկսվեն այն ժամանակ, երբ կորոշվի որոշակի ամսաթիվն ու կնշանակվի հանդիպումը»։

Նա նշել է, որ բանակցություններն առայժմ նշանակված չեն, «իսկ եթե պայմանագրում ինչ-որ նոր բան հայտնվի, ապա հասարակայնությունը կտեղեկացվի Վրաստանի էկոնոմիկայի նախարարության կողմից»։

Մինչև 2017թ․ հունվար Ռուսաստանից Հայաստան գազի տարանցման համար Վրաստանը ստանում էր թողանցվող հումքի ընդհանուր ծավալի 10%-ը։ 2017թ․ սկզբին «Գազպրոմի» հետ ստորագրած նոր պայմանագրի համաձայն, ռուսաստանյան կողմը 2017 թվականին այդ տարանցման համար Վրաստանին վճարել է փողով և մասամբ հումքով, իսկ 2018-ին՝ միայն ֆինանսական միջոցներով։