«Այն, որ հնդիկները լցվել են Հայաստան, մեր նոր կառավարությունը համարում է ներգաղթի հիանալի կազմակերպում»․ Թորոս Ալեքսանյան

Փաստորեն այդ ընկերները մեզ լրիվ անուղեղի տեղ են դրել

Հայաստան հնդիկների (և ոչ միայն․․․) աստիճանաբար ավելացող ներգաղթը հանրության ու մասնագետների շրջանում մի շարք մտահոգություններ է առաջացրել․ ոմանք խոսում են ժողովրդագրական հնարավոր ռիսկերի, ոմանք հայկական աշխատուժը շուկայից դուրս բերելու վտանգների մասին։

Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության նախորդ տարվա տվյալների, 2016թ․ Հնդկաստանի 3204 քաղաքացի Հայաստանի մուտքի արտոնագիր է ստացել, 2017 թվականին նրանց թիվը հասել է 10 642-ի, մինչդեռ 2018 թվականի միայն հունվարի 1-ից նոյեմբերի 1-ը ժամանակահատվածում այդ թիվը հասել է 28 659-ի, ինչը մասնագետները խնդրահարույց են համարում:

Օրերս էլ տարածքային կառավարման և զարգացման միգրացիոն ծառայությունն ամփոփ տվյալներ ներկայացրեց Հայաստանում գտնվող Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիների մասին՝ նշելով, որ 2015թ․ 3 951 հնդիկ է մուտք գործել Հայաստան, նրանցից 3 899-ն այնուհետև լքել են մեր պետությունը, այսինքն՝ 52 հնդիկ, այնուամենայնիվ, մնացել է Հայաստանում։ 2016 թվականին համապատասխանաբար՝ 4 226 և 4 114 հնդիկ է եկել ու գնացել, 2017 թվականին՝ 11 589 և 11 278, այսինքն՝ 311 հնդիկ մնացել են այստեղ: 2018 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ 10 237 հնդիկ է եկել Հայաստան, որոնցից 9 122-ն ավելի ուշ հեռացել են Հայաստանից, սակայն ավելի քան 1000 հոգի մնացել են այստեղ։ Համադրելով 2018թ․ տասն ամիսների համար ԱԳՆ-ի և միգրացիոն ծառայության՝ ամբողջ տարվա առաջին կիսամյակի վերաբերյալ ներկայացված տվյալները, կարելի է ասել, որ 2018թ․ երկրորդ կիսամյակում Հայաստան ներգաղթած հնդիկների թիվն ամենամեծն է եղել՝ մոտ 18,5 հազար։ Թե նրանցից քանի՞սն են հեռացել Հայաստանից, կամ ընդհանրապես հեռացե՞լ են, թե ոչ, այս պահի դրությամբ առայժմ մնում է անհայտ, քանի որ պաշտոնական աղբյուրներն այդ մասին դեռ որևէ տեղեկատվություն չեն հրապարակել։

Վերը նշվածից բացի, անդրադառնանք նաև Հայաստանում կացության կարգավիճակ ստացած Հնդկաստանի քաղաքացիներին առնչվող վիճակագրությանը։ Ընդգծենք, որ այս դեպքում ևս առկա է պրոգրեսիվ աճ։ 2015թ․ կացության կարգավիճակ է ստացել Հնդկաստանի Հանրապետության 1 119 քաղաքացի․ 2016-ին՝ 1 086, 2017-ին՝ 938, իսկ, ահա, 2018 թվականին, նախնական տվյալներով, այդ թիվը հատել է 2000-ի սահմանը (վերջնական տվյալները կճշտվեն հունվարի 20-ից հետո)։ Ըստ միգրացիոն ծառայության, Հնդկաստանի քաղաքացիներն ստացել են գերազանցապես ժամանակավոր կացության կարգավիճակ, և այն ստանալու հիմնական հիմքը եղել է ուսումը։

Իհարկե, այդ երկրի ներկայացուցիչների մեծաքանակ ներկայությունը մեզանում այդքան հետաքրքրություն չէր առաջացնի, եթե չլինեին այն խնդիրները, որոնց մասին չեն դադարում խոսել մասնագետներն ու մտահոգ քաղաքացիները։

Ինչպես LIVEnews.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ «Հրայր Մարուխյան» հիմնադրամի աջակցությամբ ստեղծված աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի ներկայացուցիչ, տնտեսագետ Սուրեն Պարսյանը, վերջին ամիսների ընթացքում Հայաստանում նկատվում է առանձին ասիական երկրներից, մասնավորապես` Հնդկաստանից, Ֆիլիպիններից, Պակիստանից աշխատանքային միգրանտների թվի աճ, այսինքն՝ միայն հնդիկները չէ, որ գալիս են մեր երկիր՝ աշխատանք գտնելու հեռանկարով: Եվ դա, նրա հավաստմամբ, բացասական ազդեցություն է ունենում մեր աշխատաշուկայի վրա, քանի որ օտարազգի համեմատաբար էժան աշխատուժն ինքնաբերաբար դուրս է մղում տեղական աշխատուժը։

«Հայաստանի տնտեսության և աշխատաշուկայի համար աշխատանք փնտրող հնդիկների ներհոսքը որևէ լավ բան չի կանխատեսում,- ասաց Սուրեն Պարսյանը։- Նախ նշեմ, որ մեր միգրացիոն օրենսդրությունը բավական մեղմ է, շատ հեշտությամբ, առանց մեծ գումարների ու լրացուցիչ ջանքերի, հնարավոր է, օրինակ, Հնդկաստանից մուտք գործել Հայաստան, նաև` աշխատանք գտնել այստեղ, առանց փաստաթղթային խնդիրներ ունենալու: Այդ հնդիկներին այստեղ աջակցում են բազմաթիվ հայկական գործակալություններ, որոնք տրամադրում են փաստաբանական, իրավաբանական ծառայություններ, առաջարկում համապատասխան աշխատանքներ, այդ ծառայությունների արժեքը տատանվում է 30-150 հազար դրամի սահմաններում:

Աշխատանքի անցնելու համար հարկավոր է փաստաթղթեր հավաքել և դիմել ոստիկանություն` կացության կագավիճակ ստանալու համար: Իսկ այդ կարգավիճակը տրվում է 10 տարով, որից հետո նրանք կարողանում են հանգիստ աշխատել Հայաստանում, և որևէ խնդիր ու սահմանափակում չունենալ»։

Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2017թ․ փետրվարին ընդունված որոշմամբ հնարավորություն տվեց Հնդկաստանի քաղաքացիներին օտարերկրյա պետություններում տեղակայված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզա ստանալ նաև առանց հրավերի, իսկ Հնդկաստանի այն քաղաքացիները, որոնք ունեն կացության կարգավիճակ Արաբական Միացյալ Էմիրություններում, Բահրեյնի Թագավորությունում, Կատարի Պետությունում, Քուվեյթի Պետությունում և Օմանի Սուլթանությունում, ՀՀ մուտքի վիզա կարող էին ստանալ նաև Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում։

Ավելին․ 2017թ․ նոյեմբերին ՀՀ կառավարությունն ընդունեց նոր որոշում, ըստ որի, Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզայի տրամադրման կարգն ավելի դյուրացվեց՝ հնարավորություն ստեղծելով այն ստանալ առանց հրավերի ինչպես ՀՀ դեսպանություններում, այնպես էլ ՀՀ սահմանային անցակետերում կամ էլեկտրոնային վիզա ստանալու (E-Visa) համակարգի միջոցով:

Սուրեն Պարսյանն ընդգծեց, որ վիզային ռեժիմի դյուրացումն եթե ոչ այսօր, ապա մոտ ապագայում կարող է փաստի առաջ կանգնեցնել մեր իշխանություններին, երբ սպասարկման շատ ոլորտներում աշխատողները ոչ թե տեղացիները կլինեն, այլ որպես էժան աշխատուժ ծառայող հնդիկները, իսկ տեղական աշխատուժը դուրս մղվելով շուկայից, ստիպված կլինի ապրուստի միջոց հայթայթելու հնարավորություն փնտրել օտար երկրներում։ Նկատենք, որ այսպիսով բոլոր նախադրյալները ստեղծվել են մեծամասշտաբ գործազրկության և ՀՀ քաղաքացիների արտագաղթի խթանման համար։ Մյուս կողմից՝ նման որակի էժան աշխատուժի ներկայությունը մեր երկրում չի խրախուսի ցածր ու միջին աշխատավարձի բարձրացումը, ինչը մեզ համար շատ լուրջ խնդիր է։

«Մեր աշխատանքի շուկան մեծ չէ,- ասաց Սուրեն Պարսյանը։- Մոտ 500 հազար աշխատող ունենք, և գրեթե 30 հազար այլազգիներ են գալիս որպես աշխատող, ինչը կազմում է ամբողջ շուկայի 6 %-ը: Եթե ամեն ամիս ներգաղթյալների 10-20 % աճ լինի, և այդ միտումը շարունակվի, ապա 3-4 տարի հետո մենք կունենանք 100 հազարին հասնող աշխատանքային ներգաղթյալներ:

Նրանք պատրաստ են աշխատել ավելի ցածր աշխատավարձով, ինչի արդյունքում աշխատաշուկայից դուրս է մնում ՀՀ քաղաքացին, որն այդ աշխատանքը պետք է բարձր գնով կատարեր: Դա կխոչընդոտի նաև առանձին ոլորտներում աշխատավարձերի բարձրացմանը: Հայաստանում պետք է աշխատավարձերն աճեն, բայց եթե լինեն աշխատողներ, որոնք պատրաստ են ցածր վարձատրությամբ աշխատել, աշխատավարձի աճ առանձին ոլորտներում չի լինի: Իմ կարծիքով Հայաստանի մրցակցային առավելությունը չպետք է լինի ցածր աշխատավարձը, էժան աշխատուժը, այլ պետք է որակով աչքի ընկնենք միջազգային շուկայում: Բացի այդ, աշխատանքային ներգաղթյալներն օրական աշխատում են 12-14 ժամ, ինչն ևս աշխատաշուկայում վատ ավանդույթներ է ձևավորում»:

Մեր զրուցակցի ներկայացմամբ, հնդիկներն այսօր ներգրավված են հիմնականում սպասարկման ոլորտում, աշխատում են գազալցակայաններում, ավտոլվացման կետերում, գորգերի լվացման կետերում, անգամ սննդի սպասարկման ոլորտում՝ ռեստորաններում, սրճարաններում, ինչպես նաև շինարարության ոլորտում որպես բանվորական ուժ։ Իսկ Հայաստան եկող ֆիլիպինուհիները հեղինակավոր դայակներ են համարվում հայկական, այսպես կոչված, բարձրաշխարհիկ ընտանիքներում, որտեղ բավականին լավ վարձատրվում են։ Մինչդեռ, նրանց փոխարեն կարող են աշխատել գործազուրկ հայուհիները, որոնք հայեցի դաստիարակություն կտան այս կամ այն ընտանիքի երեխային, իսկ ֆիլիպինուհին իր մշակույթն ու սովորույթները կսերմանի։

Ի դեպ, տնտեսագետը նաև զգուշացնում է, որ աշխատաշուկայի անվերահսկելիության պայմաններում չի բացառվում, որ հնդիկները նաև աշխատանքային թրաֆիքինգի ենթարկվեն՝ հեռու լինելով իրենց երկրից և անպաշտպան։

Տնտեսագետի մտահոգություններն, իրոք, տեղին  են, և արդեն իսկ Հայաստանում նման դեպքեր են արձանագրվել։ Նախորդ տարվա նոյեմբերին ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել մայրաքաղաքի Դավիթ Անհաղթի փողոցում գործող հնդկական ռեստորաններից մեկի վարձակալի մասին, որն ազգությամբ հնդիկ է։ Տեղեկությունների համաձայն, նա աշխատանքային շահագործման է ենթարկել ռեստորանի՝ նույնպես ազգությամբ հնդիկ աշխատակիցներին։

Այն ժամանակ ռեստորանի չորս աշխատակիցներ հրավիրվել էին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն։ Պարզվել էր, որ ռեստորանի վարձակալը նրանց վստահությունը չարաշահելով և բարձր վարձատրվող աշխատանքով ապահովելու կեղծ խոստում տալով, հիշյալ անձանց Հնդկաստանում հավաքագրել ու տեղափոխել էր Հայաստան։ Այստեղ բռնություն գործադրելով, վերցրել էր նրանց անձնագրերը և շահագործել առանց վարձատրության։

«Ներկայումս այդ ներգաղթյալները հիմնականում աշխատում են շինարարության և սպասարկման ոլորտներում, որտեղ համեմատաբար ցածր աշխատավարձ են տալիս,- մեզ հետ զրույցում ասաց Սուրեն Պարսյանը:- Նրանց թիվը վերջին ամիսներին անընդհատ աճում է, ինչը լուրջ գնահատման և վերլուծության անհրաժեշտություն ունի: Չպետք է բարձիթողի վիճակում թողնել այդ գործընթացը՝ հաշվի առնելով, որ այդ մարդիկ նաև կարող են այստեղ վտանգի ենթարկվել»։

Հայ-ուկրաինական բարեկամության խորհրդի անդամ, «Հայաստանի եվրոպական ընտրություն» հասարակական-քաղաքական միավորման համահիմնադիր անդամ Թորոս Ալեքսանյանն, իր հերթին, կարծում է, որ հնդիկների ներգաղթն օգտագործելով, կառավարությունը փորձում է դիվիդենտներ շահել հանրության շրջանում և ներկայացնել, թե իբրև վերջին ամիսներին Հայաստանում բնակչության թիվը զգալիորեն աճել է։ Նա նույնպես անհանգստացած է, որ հնդիկների մեծ թվով ներգաղթը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վրա։ Նրա ներկայացմամբ, 20 հազար հնդիկի մուտքն անգամ չի կարելի զբոսաշրջության համար դրական միտում համարել, քանի որ նրանք այստեղ դրսից բերած գումարներ գրեթե չեն ծախսում ու չեն նպաստում տնտեսության աճին, այլ հակառակը՝ այստեղ վաստակած գումարները հավաքում են՝ հայրենիք վերադառնալու կամ զարգացած երկրներ գնալու համար, որտեղ ավելի բարեկեցիկ ապագա են փնտրում։ Բանն այն է, որ ասիական երկրներից ժամանող աշխատանքային ներգաղթյալների մի մասի համար Հայաստանը տարանցիկ երկիր է այլ երկրներ տեղափոխվելու համար, բացի այդ, դեպի բաղձալի պետություններ վիզա ստանալու հնարավորություններն Հայաստանից ավելի իրատեսական են, քան Հնդկաստանից։

«Այն, որ հնդիկները լցվել են Հայաստան, մեր նոր կառավարությունը համարում է ներգաղթի հիանալի կազմակերպում, փաստորեն այդ ընկերները մեզ լրիվ անուղեղի տեղ են դրել, թվեր են հրապարակում, բայց չեն ասում, որ այդ թիվը ապահովել են ոչ թե Հայաստան եկած հայերի հաշվին, այլ հնդիկների հաշվին,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Թորոս Ալեքսանյանը։- Ոմանք կասեն, որ առանց վիզայի ելումուտը կխթանի Հնդկաստանի հետ տուրիզմի զարգացումը, սակայն դա այդպես չէ. այն հնդիկները, որոնք սոցիալապես բարվոք վիճակում են գտնվում ու որպես տուրիստ գնում են այլ երկրներ, ի վիճակի են վճարել վիզայի համար, այսինքն նրանց Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմ իրականում հարկավոր չի, իսկ այսպես մեր երկիր են լցվում անվճարունակ և աղքատ հնդիկները, որոնք ոչ թե տուրիստ են, այլ միգրանտ, որոնց մի մասը, որպես անլեգալ միգրանտ, Հայաստանից կգնա Եվրոպա, իսկ մի մասն ընդմիշտ կմնա Հայաստանում, որի հետևանքներն ուղղակի աղետալի կլինեն։

Ոմանք մամուլում, հեռուստատեսությամբ ու սոցցանցերում շարունակում են մանիպույլացիաների միջոցով ազդել հասարակական կարծիքի վրա և արդարացնել հնդիկներով ու մյուս այլազգիներով Հայաստանը հեղեղելու խիստ վտանգավոր երևույթը: Նրանք ուզում են համոզել մարդկանց, որ եթե այդ երևույթի դեմ մարդիկ ընդվզեն, ապա Հայաստանում տուրիզմ չի զարգանա:

Այդ մանիպուլյացիաներին ի պատասխան ասեմ, որ մենք շատ ուրախ կլինենք մեր երկրում հյուրընկալել հնդիկ ու ցանկացած այլ ազգ ներկայացնող տուրիստների։ Եթե ուզում են որպես տուրիստ այցելել մեր երկիր, ապա խնդրեմ, բարով գան, բարով գնան, գոնե Վրաստանի օրինակը մեր աչքի առաջ պիտի լինի, մարդիկ իսկապես տուրիզմ են զարգացնում, այլ ոչ թե աշխարհի ամենաշատ ծայրաստիճան աղքատներ ունեցող երկրների միգրանտների առջև դռներ բացում: Այն հնդիկները, պակիստանցիներն ու այլ ասիական ազգերի ներկայացուցիչները, որոնք լցվել են Հայաստան, տուրիստներ չեն, ու դրանք ոչ թե տուրիզմն են զարգացնելու մեր երկրում, այլ ընդհակառակը: Ի դեպ ասեմ, որ Հայաստանի կառավարությունը իր վրա վերցրած միջազգային պարտավորությունների համաձայն՝ պիտի այդ մարդկանց մինիմալ սոցիալական պայմանները ապահովի, այսինքն մեր ժողովրդի բերանից կտրի ու այդ աղքատ միգրանտներին տա»։

Տարեսկզբին ստեղծված իրավիճակից դժգոհ մի խումբ քաղաքացիներ՝ «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանի նախաձեռնությամբ, անգամ էլեկտրոնային ստորագրահավաք էին սկսել Change.org կայքում՝ հնդիկների համար վիզային նախկին բարդացված ռեժիմը վերականգնելու պահանջով։ Նրանք անհանգստացած են ոչ միայն հնդիկների մուտքով, այլև, ընդհանրապես, այն օտարազգիների, որոնք մեզ մոտ աշխատանք գտնելու ակնկալիքով են գալիս՝ պակիստանցիների, ղազախների, ֆիլիպինցիների, ինչը միանշանակ կհանգեցնի մեր աշխատուժի արտագաղթին, ինչպես նաև մեր երկրում այլադավան ավանդույթների ու նիստուկացի ձևավորման։

«Ներգաղթյալների մեծ մասն այլադավան է, մահմեդական, նրանց թիվը եթե այստեղ շատանա, չի բացառվում, որ Հայաստանում մուսուլմանական շարժում կսկսեն, կազդեն մեր մշակույթի, սովորույթների, արժեքների վրա,- մեզ հետ զրույցում ասաց Սարգիս Տեր-Եսայանը։- Օրերս երեք ռեստորան եմ նկարել, որտեղ հնդիկներ են աշխատում: Իմ այցելած ավտոլվացման կետերում ևս հիմնականում հնդիկներ էին, վարսավիրանոցում հնդիկներ են արդեն աշխատում։ Մի քանի օր առաջ եմ վերադարձել Էմիրաթներից ու պատկերացրեք, որ մեր ինքնաթիռի մեջ մեծ մասը հնդիկ ու ֆիլիպինցիներ էին: Բանն այն է, որ, մասնավորապես, Էմիրաթներ աշխատանքի մեկնած հնդիկների աշխատանքային պայմանագրերն այլևս չեն երկարացնում, աշխատանք չկա, և այդ աշխատուժը գալիս է Հայաստան։

Պահանջում ենք, որ կառավարությունը վերանայի մեր երկիր մուտքի վիզայի ռեժիմը և, հատկապես, այդ ազգերի համար նորից բարդացնի այն, որպեսզի էժան աշխատուժը և այնտեղի սոցիալապես անապահով խավը չգա մեր երկիր, որտեղ առանց այն էլ աղքատության մակարդակը մտահոգիչ է»։

Նրա տեղեկացմամբ, հունվարի 3-7-ը ժամանակահատվածում էլեկտրոնային ստորագրահավաքին մասնակցել է 900-ից ավելի քաղաքացի: Սակայն այսօրվա դրությամբ ստորագրահավաքն արգելափակվել է, հավանաբար, ցանցահենների միջամտությամբ: Այնուամենայնիվ, Սարգիս Տեր-Եսայանը մտադիր է նոր ստորագրահավաք նախաձեռնել և կոչով ու հորդորով դիմել կառավարությանը:

 

Թագուհի Ասլանյան