Հայաստանի Հանրապետությունը երկխոսություն է սկսել ԵՄ անդամ պետությունների հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ

2017թ․ նոյեմբերին ստորագրված և 2018թ․ ապրիլին վավերացված Հայաստանի և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ է եղել ԵՄ անդամ պետությունների հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին:
Ինչպես տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հանրային կապերի և լրատվության բաժնից, հունվարի 15-17-ը ԳԴՀ էր մեկնել ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանի գլխավորությամբ:
Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական Դավիթ Սարգսյանը, արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԳԴՀ երկրամասերի ՆԳ նախարարների համաժողովի նախագահ, Սաքսոնիա-Անհալթ երկրամասի ներքին գործերի և սպորտի հարցերով նախարար Հոլգեր Շտալկնեխտի, ԳԴՀ ներքին գործերի պետքարտուղար Հելմութ Թայխմանի, ԳԴՀ ԱԳ նախարարության քաղաքական տնօրենի տեղակալ, Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հանձնակատար Միխայել Զիբերթի և Բունդեսթագի ՆԳ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրեա Լինդհոլցի հետ:
Հանդիպումների ընթացքում գերմանական կողմն իր գոհունակությունն է հայտնել հետընդունման (ռեադմիսիայի) մասին միջազգային իրավական փաստաթղթերի հիման վրա արդյունավետ համագործակցության համար՝ շեշտելով փոխադարձ վստահության բարձր մակարդակն ու Հայաստանի իրավաչափ ակնկալիքներին ընդառաջ գնալու պատրաստակամությունը:
Հանդիպումների ընթացքում կողմերը կարևորել են վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ գործողությունների ապագա ծրագրի հիմնադրույթների, փոխադարձ պարտավորությունների շրջանակի ու դրանց կատարման ժամկետների հստակեցման անհրաժեշտությունը, քննարկել հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: