Նոր մանրամասներ՝ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին առնչվող քրեական գործից

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ, հիշյալ կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում 2018թ․ հոկտեմբերի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել  է, որ 2013 թվականից սկսած, ՀՀ ոստիկանության զորքերի (ՈԶ) զինծառայողներին յուրաքանչյուր տարի հատկացվել է սոցիալական փաթեթ: Սոցիալական փաթեթի շրջանակներում տրամադրված 72 000 դրամը զինծառայողն իրավունք է ունեցել տնօրինել հանգստի, հիպոթեքային վարկի մարման կամ ուսման վարձի վճարման նպատակով:

ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի բանավոր հանձնարարության հիման վրա 2013-2018թթ. ՈԶ ենթակայության տակ գտնվող զորամասերի մի շարք զինծառայողների սոցիալական փաթեթներով նախատեսված 72 000-ական դրամ գումարներն ուղղվել են զինծառայողների հանգստի կազմակերպմանը, այդ գործընթացն իրականացվել է Լևոն Երանոսյանի գիտությամբ զորամաս այցելած զբոսաշրջային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ պայմանագրեր կնքելու միջոցով:
2014 թվականից սկսած, ՈԶ N զորամասի անձնակազմը տեղեկացվել է, որ սոցիալական փաթեթով նախատեսված 72 000 դրամը փոխանցվել է զբոսաշրջային կազմակերպություններին, սակայն զինծառայողներին փաստացի մատուցվել են  52 000 դրամ արժողության հանգստի ծառայություններ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ 2012-2018 թթ. Լևոն Երանոսյանը զբաղեցնելով ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը, 2013-2018 թթ. անցնելով պաշտոնեական լիազորությունները, հանձնարարել է ՀՀ ՈԶ զորամասերի հրամանատարությանը, որպեսզի զորամասի ծառայողներն իրենց սոցիալական փաթեթների շրջանակներում հանգստի կազմակերպման վերաբերյալ պայմանագրեր կնքեն իր մատնանշած զբոսաշրջային կազմակերպությունների հետ, այդ պայմաններում որոշ զինծառայողների ընդհանրապես չեն տրամադրվել, իսկ մյուսներին էլ 72 000 դրամ գումարի փոխարեն, փաստացի տրամադրվել են 52 000 դրամին համարժեք հանգստի ծառայություններ:

2019թ․ հունվարի 18-ին որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ՈԶ հրամանատար Լևոն Երանոսյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի կապակցությամբ քրեական գործից ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով գործն անջատելու, առանձին վարույթում առանձնացնելու և վարույթ ընդունելու մասին:

Նկատի ունենալով, որ Լևոն Երանոսյանը 2012-2018թթ. զբաղեցրել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերի նախաքննությունը կատարվում է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից, ուստի 2019թ․ հունվարի 18-ին որոշում է կայացվել քրեական գործը, ըստ քննչական ենթակայության, ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: