Աբու Դաբիի թանգարանի ղեկավարությունը ցանկանում է ներկայացնել հայկական արվեստը․ ՀՀ նախագահն այցելել է Աբու Դաբիի «Լուվր» թանգարան

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից, Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Աբու Դաբիի «Լուվր» թանգարան, որը գործում է 2017 թվականից:

Հանրապետության նախագահը տիկնոջ հետ շրջել է թանգարանի տասներկու ցուցասրահներում, որտեղ ներկայացված է համաշխարհային արվեստի զարգացման պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, դիտել է ցուցանմուշները և արվեստի գործերը: Թանգարանում ցուցադրված են նաև Ֆրանսիայի հայտնի մշակութային կենտրոններից փոխառված ստեղծագործություններ՝ Լուվրից, Ժորժ Պոմպիդու կենտրոնից, Վերսալից, Ռոդենի թանգարանից, Ֆրանսիայի ազգային գրադարանից։

Թանգարանում շրջայցից հետո նախագահը լրագրողների հետ զրույցում նշել է, որ փայլուն տպավորություններ ունի՝ Աբու Դաբիի Լուվրն առանձնահատուկ թանգարան է։

«Հայկական արվեստն անպայման պետք է ներկայացված լինի այստեղ։ Թանգարանի ղեկավարությունը տեղյակ է, թե հայկական մշակութային ժառանգությանը և ավանդույթներին նվիրված ինչ գեղեցիկ ու յուրահատուկ ցուցահանդես ենք ունեցել Նյու Յորքում՝ «Մետրոպոլիտեն» թանգարանում»- ասել է նախագահ Սարգսյանը և հավելել, որ Աբու Դաբիի թանգարանի ղեկավարությունը ցանկություն ունի հայկական որևէ գեղեցիկ ցուցանմուշ ունենալ իրենց մշակութային օջախում:

Հրաշալի տպավորություններ է ունեցել նաև տիկին Նունե Սարգսյանը, ասելով, որ ցուցադրությունից բացի, թանգարանն աչքի է ընկնում նաև հոյակապ ճարտարապետությամբ ու դիզայնով։

«Այստեղ շատ քիչ և ընտրված ցուցանմուշներ են։ Երբ թանգարանը ծանրաբեռնված չէ, դա հնարավորություն է տալիս ավելի լավ ըմբռնել և հասկանալ ներկայացված դարաշրջաններն ու ցուցանմուշները՝ հատկապես առաջին այցի ժամանակ»,-նշել է նա։