Մամուլի դեմ արշավը հնարավոր է զսպել ԶԼՆ-ների միասնականությամբ

Տարբեր առիթներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե այսօր մամուլը Հայաստանում ազատ է, քան երբևէ։ Ի դեպ, այդ մասին նա դեռ մեկ տարի առաջ էր հայտարարել՝ Դավոս կատարած այցի ժամանակ։ Իսկ հետո դարձյալ անդրադառնալով խնդրին, ասաց՝ մամուլի ազատությանը չի կարելի կպնել, չի կարելի մամուլի դեմ հետապնդումներ իրականացնել։

Մինչդեռ իրականությունը բոլորվին այլ է։ Ի զարմանս լրագրողների, նախկին խմբագիր-լրագրող Նիկոլ Փաշինյանը գալով իշխանության, լրատվամիջոցների հանդեպ եղավ այնքան անհանդուրժող, այնքան հարձակողական, որպիսին չէին եղել նախկին իշխանություններից և ոչ մեկը։

Վարչապետ Փաշինյանը, մի կողմից խոսում է մամուլի ազատության կարևորության մասին, սակայն մյուս կողմից հրավիրում ԱԱԾ-ի ուշադրությունը, թե՝ միջոցներ ձեռնարկեք ու հայտնաբերեք «ԶԼՄ-ներում կեղծ տեղեկատվություն տարածողներին»։ Իրեն դուր չեկած լրատվությունը որակելով մանիպուլյացիա ու ազգային անվտանգության խնդիր, նա դեռ մեկ տարի առաջ, փաստորեն, հրահանգեց ԱԱԾ-ին՝ նստել մամուլի շնչին։ Այսինքն, Փաշինյանը ԱԱԾ-ին ուղղորդեց մտնել մամուլի դաշտ։

Այսպիսով, սև ու սպիտակի բաժանված հասարակության մեջ սեպ խրվեց նաև չորրորդ իշխանության ոլորտում։ Վերջին մեկուկես տարում լրատվամիջոցների ու լրագրողների գործունեությունը ենթարկվեց բազմաթիվ խոչընդոտների։ Լրագրողների նկատմամբ դրսևորվեց տարբերակված մոտեցում։ Իշխանություններն իրենց թեթև ձեռքով ԶԼՄ-ների դաշտը բաժանեցին յուրայինների ու ոչ յուրայինների, «ճիշտ» ու «սխալ» լրատվամիջոցների, հետո հրահանգեցին, թե որ լրատվամիջոցները կարդալ կամ դիտել, որը՝ ոչ, որ լրատվամիջոցին հարցազրույց տալ կամ տեղեկատվություն տրամադրել, որին՝ ոչ։

Փաշինյանի ու իր թիմի հրահրմամբ սոցիալական ցանցերում գործի անցավ ֆեյքերի իշխանական բանակը՝ ճակատային գրոհ սկսելով մամուլի դեմ։ Մեկ ու կես տարի է, ինչ մամուլը գտնվում է ֆեյքային հայհոյախոս հարձակումների տարափի տակ։ Ոչ յուրային հայտարարված լրատվամիջոցների ու լրագրողների հանդեպ հրահրվում է թշնամանք, քարոզվում անհանդուրժողականություն։ Է՜լ ծաղրական նկարներ, է՜լ կարճ ու երկար վարկաբեկիչ հոլովակներ, է՜լ գռեհկաբանությամբ հարուստ ֆեյսբուքյան գրառումներ։ Ոչ յուրային ԶԼՄ-ների դեմ գրոհը շարունակվում է, նպատակը նաև բարոյահոգեբանական առումով նրանց ճնշելն է։

Լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտելու ձևերն ու մեթոդները, ի դեպ, տարբեր են, դրանցից մեկն էլ մամուլի դեմ դատարաններում ներկայացվող հայցերն են՝ մամուլի համար մեծ գումարներ կազմող տուգանքներով։ Նպատակը պարզ է՝ լրատվամիջոցներին ֆինանսական վնաս հասցնել, ինչը կարող է հանգեցնել տվյալ լրատվամիջոցի փակման։

Մամուլի դեմ հարձակման մի յուրահատուկ ագրեսիվ դրսևորում են նաև ուժայինների ներխուժումները  խմբագրություններ։ Դեռ անցած տարի վերջիններս «հայտնվեցին» YerevanToday լրատվական կայքի գրասենյակ, առգրավեցին համակարգիչները, երկար ժամանակ հետ չէին վերադարձնում՝ նաև այդկերպ խափանելով լրատվականի բնականոն աշխատանքը։ Այնուհետև, ներխուժեցին News. am և  Aysor.am կայքերի գրասենյակներ:

Հետո էլ իշխանական շրջանակների քննադատությունների տարափի տակ հայտնվեց  «Հրապարակ» օրաթերթը․ շատ էին վրդովվել թերթի՝ «իշխանական խաշ-փարթիի» մասին հոդվածից։ Բան ու գործ թողած՝ ֆեյսբուքյան գրառումով հոդվածին քննադատաբար անդրադարձավ անգամ վարչապետ Փաշինյանը․․․

Ամիսներ առաջ էլ հարձակման ենթարկվեց «Հայելի» ակումբը, իսկ վերջերս էլ «Ժողովուրդ» օրաթերթը։ Մտահոգիչ է այն, որ այդ դեպքերի հետ կապված՝ որևէ հստակ բան մինչ օրս չի պարզվել։ Օրինակ, այդպես էլ պարզ չդարձավ, թե իրավապահներն ի՞նչ էին որոնում ու ի՞նչ հայտնաբերեցին YerevanToday-ում, ի՞նչ էին ուզում հասկացնել «Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանին՝ ձվերով «զինված» տղերքին ակումբի վրա հարձակման ուղարկելով, ի՞նչ էին փնտրում Aysor.am, News.am կայքերում, ի՞նչ «հոտոտեցին» «Ժողովուրդ» օրաթերթում և այլն։

Տարեմուտին էլ կալանավորվեց «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը։ Մարդուն փողոցից  բերման են ենթարկում՝ նախապես ծանուցում չուղարկելով, իսկ հետո նրա նկատմամբ ընտրվում է խստագույն խափանման միջոցը՝ կալանքը։ Հիշեցնենք, որ Թավադյանը ձերբակալվել է 2008-ի Մարտի 1-ի դեպքերի վկային կամ տուժողին, իբրև թե, սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով: Ինչպես հայտնի է, Թավադյանն ի սկզբանե չի թաքցրել իր մտերմությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, չի թաքցրել նաև իր քաղաքական ընդդիմադիր հայացքները։ Հետևաբար կարելի է վստահաբար ասել, որ նրա կալանավորումն ունի քաղաքական հիմքեր․ ակնհայտ է նպատակը՝ «5-րդ ալիք» լրատվամիջոցի գործունեությանը խոչընդոտելը։

Համադրելով վարչապետի հայտարարությունները, կոչերը՝ ուղղված մամուլին,    պարզ է դառնում իշխանության նպատակը՝ ամեն կերպ վերահսկելի դարձնել նաև չորրորդ իշխանությունը։ Հեղափոխական ճանապարհով իշխանափոխություն իրականացրած թիմը, որ զբաղված է երկրում կայացած ոլորտները քարուքանդ անելով, այժմ էլ փորձում է նույն տրամաբանությամբ՝ հեղափոխական ճանապարհով մամուլի դաշտը սեփական քիմքին հարմարեցնել։

Իշխանության ախորժակը հնարավոր է զսպել միայն լրատվամիջոցների միասնականությամբ ու զգոնությամբ։

Արմինե Սիմոնյան