ԱԱԾ-ը բացահայտել է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պահպանելու օրենքով սահմանված սկզբունքին և որպես առաջնահերթություններից մեկը դիտարկելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ ուղղված պայքարը, հանցագործության մասին հաղորդում ստանալով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ՀՀ քաղաքացուց, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ընթացիկ հսկողության բաժնի 3 աշխատակիցներ,  հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող, իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պաշտոնատար անձ, տնտեսվարող սուբյեկտում հայտնաբերելով չգրանցված 4 աշխատողներ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, ծառայության շահերին հակառակ չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, որևիցե միջոցներ չեն ձեռնարկել իրավախախտումն արձանագրելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրել է ԱԱԾ լրատվական ծառայությունը։ Նախնական համաձայնությամբ, յուրաքանչյուր չգրանցված աշխատողի համար օրենքով նախատեսված տուգանքից խուսափելու համար, 2019 թ. հոկտեմբերին ձեռնարկատիրոջից պահանջել և ստացել են խոշոր չափերով՝ 300.000 ՀՀ դրամ կաշառք, որից հետո նշված 4 չգրանցված աշխատողների կապակցությամբ պատշաճ գործողություններ չկատարելու համար ամսական պահանջել են 50.000 ՀՀ դրամի կաշառք: Ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում նշված պաշտոնատար անձանցից մեկը 2019 թ. նոյեմբերին ձեռնարկատիրոջից  որպես կաշառք ստացել է ևս 50.000 ՀՀ դրամ, իսկ վերջին դեպքում՝ 2019 թ. դեկտեմբերի 26-ին, պահանջված 100.000 ՀՀ դրամը ստացվել է ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո, որից հետո ենթադրյալ հանցագործություն կատարած անձը բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և ձերբակալվել:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Գործի շրջանակներում ձերբակալվել է նաև հանցավոր համաձայնության մասնակից պաշտոնատար անձանցից ևս մեկը, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ երրորդ հանցակցի գտնվելու վայրը պարզելու համար։

Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հիշյալ պաշտոնատար անձանց պաշտոնավարման ընթացքում բոլոր հանցադեպերը բացահայտելու, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։