Պուտինը շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ Ռուսաստանում ահաբեկչությունների կանխարգելմանն աջակցելու համար

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, այս մասին հաղորդել են Կրեմլից: Զրույցը տեղի է ունեցել Մոսկվայի նախաձեռնությամբ:

Պուտինը շնորհակալություն է հայտնել զրուցակցին՝ հատուկ ծառայությունների միջոցով փոխանցված տեղեկատվության համար, որոնք օգնել են կանխել Ռուսաստանում ահաբեկչական հարձակումները:

Բացի դրանից, աշխարհի առաջնորդները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպես նաև պայմանավորվել են շարունակել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում:

Հոկտեմբերին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հաղորդել էր, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանին տրամադրել է նոր տեղեկություն Ռուսաստանում ահաբեկչական հարձակումների մասին: Ըստ նրա՝ խոսքը կոնկրետ անձանց և հարձակման պլանների մասին է: Բորտնիկովը մանրամասներ չի հայտնել: Բացի դրանից, 2017 թվականին ԱՄՆ հատուկ ծառայությունները նախազգուշացրել էին իրենց ռուս գործընկերներին՝ Սանկտ Պետերբուրգի Կազանյան տաճարում և քաղաքի այլ մարդաշատ վայրերում նախապատրաստվող ահաբեկչական գործողությունների մասին: