Անկարան խուճապի մեջ է. «Կանգնեցրեք Ասադին»

Մենք նախկինում գրել էինք, որ Սիրիան և նրա դաշնակիցները (Ռուսաստանն ու Իրանը) ձեռնամուխ են եղել լրջորեն զբաղվել սիրիական Իդլիբ նահանգում գտնվող թուրքամետ ահաբեկիչներով: Դատելով պետական լրատվական գործակալությունների և թուրքական այլ ԶԼՄ-ների հաղորդագրություններից` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խուճապ է ապրում այս պատճառով: Եվ Էրդողանը կրկին զանգահարել է Մոսկվա․ բանն այն է, որ երբ վերջերս Թուրքիայի նախագահը Կուալա Լումպուրում հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, Ռոհանին էլ բացահայտորեն ասել է Էրդողանին, որ չի ստացվի «համաձայնության գալ», և թուրքերը պարտավոր են լքել ամբողջ Սիրիան:

Սիրիացիները և շիաները հարձակողական գործողություն են սկսել դեռ դեկտեմբերի 20-ին, այն բանից հետո, երբ ահաբեկիչները փորձել են երկու անգամ հարձակվել Հալեպի և Լաթաքիայի քաղաքների ուղղությամբ: Բայց երբ դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը Իդլիբից ահաբեկիչները փորձել են անօդաչու սարքերով գրոհել ռուսական «Խմեյմիմ» ռազմակայանը, ըստ երևույթին, Սիրիայի տարածքում գտնվող ռուսական զորքերը կորցրել են իրենց ինքնատիրապետումն ու զսպվածությունը: Դեկտեմբերի 24-ին Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության խորհրդի ընդլայնված նիստում հայտարարել է, որ «Խմեյմիմ» ռազմակայանի դեմ ուղղված բոլոր անօդաչու սարքերը հաջողությամբ խոցվել են: Ընդհանուր առմամբ, 2019-ին ռուսները խոցել են 53 անօդաչու թռչող սարք և ահաբեկչական բազմակի հրթիռային համակարգերի 27 հրթիռ, որոնք արձակվել են «Խմեյմիմ» ռազմակայանի ուղղությամբ:

Մասնագետները նշում են, որ «Խմեյմիմ» ռազմակայանը գրոհելու ահաբեկիչների վերջին փորձից հետո էր, որ սիրիական արաբական բանակի և շիական աշխարհազորայինների ռազմական գործողությունները դարձան հատկապես համառ, և հարձակվողները ծայրաստիճան կոշտ են գործում՝ ահաբեկիչներին «հանգստանալու» ժամանակ չտալով։ Դեկտեմբերի 23-ին  ահաբեկիչներին դուրս են մղել Իդլիբ նահանգի 25 բնակավայրերից: Դեկտեմբերի 24-ի տվյալների համաձայն՝ թուրքամետ խմբավորումները նահանջել են ևս 10 բնակավայրերից: Սիրիացիները և շիական աշխարհազորայինները պաշարել են Մաարաթ էն-Նուման և Սերաքիբ քաղաքներն ու համարյա շարունակաբար նրանց ենթարկում են զանգվածային հարվածների: Մոտակայքում գտնվող թուրքական «դիտակետը» (Սուրմանի շրջանում) ամբողջովին արգելափակված է: Դեկտեմբերի 25-ի տվյակներով, արդեն ևս 10 բնակավայր են ազատագրել:

Ինքը՝ Էրդողանը, դեռևս չի արել հրապարակային հայտարարություն: Նա դեռ հույս ունի Մոսկվա կատարած զանգերի միջոցով փրկել թուրքամետ ահաբեկիչներին: Փոխարենը «արտասվել է» թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը, որը դեկտեմբերի 24-ին հաղորդել է, որ իբր «Բաշար Ասադի բանակը, վերջին չորս օրերի ընթացքում խախտելով Աստանայի պայմանավորվածությունները, Ռուսաստանի և Իրանի աջակցությամբ, գրավել է Իդլիբի դեէսկալացիայի գոտում 35 բնակավայր»: Հարձակմանը մասնակցում են «ռուս ռազմական հրահանգիչների կողմից վերապատրաստված» «Իրանամետ աշխարհազորայինները» և «Վագրի ուժեր» ջոկատները (դա Սիրիայի զինված ուժերի 25-րդ հատուկ նշանակության ստորաբաժանումն է, որը միավորում է հատուկ նշանակության ուժերը և բեդուինների աշխարհազորը), բողոքում է «Anadolu» գործակալությունը: «Կանգնեցրեք Ասադին», պահանջվում է այս գործակալության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք թուրքերին, որ պետք չէ «խաղալ» ոչ ռուս արջի, ոչ էլ իրանական առյուծի  համբերության հետ։ Թուրքիայի նախագահին մեղմ ձևով համոզում էին 2016 թ․ նոյեմբերի վերջից սկսած, նրան բացատրում էին, որ Անկարան ապօրինի է իր զորքերն ուղարկել Սիրիա, և թուրքերը Սիրիայում անելիք չունեն: Եվ ընդհանրապես, չի կարելի քաշել արջի ճանկերից և առյուծի բեղերից:

Սերգեյ Շաքարյանց