Ղազախստանում սգո օր է հայտարարվել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը 2019-ի դեկտեմբերի 28-ը համազգային սգո օր է հայտարարել Ալմաթիի մերձակայքում ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, ասել է նախագահի խոսնակ Բերիկ Կուրմանգալին։

Դեկտեմբերի 27-ի առավոտյան Bek Air ավիաընկերության ինքնաթիռն ուղևորվել է Ալմաթիից Նուր Սուլթան։ Ինքնաթիռում եղել է 95 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Ինքնաթիռը թռիչքի ժամանակ կորցրել է բարձրությունն ու բախվել բետոնե երկհարկանի շինությանը:

Fokker-100 տեսակի ինքնաթիռների և ավիաընկերության գործունեությունը կասեցվել է։

Վերջին տվյալներով ավիավթարի զոհ է դարձել 15 մարդ, շուրջ 70-ը տուժել է։ Տուժածների թվում կան երեխաներ։

Ղազախստանի փոխվարչապետի խոսքով, հետաքննությունը ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառ է համարում տեխնիկական անկառավարելիությունը և օդաչուների սխալը։

Ղազախստանում Հայաստանի դեսպանությունից հայտնել են, որ նախնական տվյալներով ինքնաթիռում հայեր չեն եղել։